«Ռուսական հարձակման ներկա փուլը հրետանային աջակցությամբ պայքար է յուրաքանչյուր կիլոմետրի համար, որի ընթացքում ուկրաինական ուժերը հաճախ լքում էին ռմբակոծված քաղաքները, երբ դրանցից միայն ածխացած ավերակներ էին մնացել, որպեսզի իզուր չկորցնեն մարդկանց»,- նշում է New York Times թերթը:
Ըստ թերթի՝ դեռևս հայտնի չէ, թե որքան հուսահատ են նրանք պաշտպանելու Դոնեցկի շրջանի մնացած քաղաքները. Ուկրաինայի Զինված ուժերն օրական հարյուրավոր սպանված և վիրավորված զինվորներ են ունենում, և նրանք գնալով ստիպված են լինում ապավինել պաշտպանական ստորաբաժանումների կամավորներին և մյուս՝ ավելի քիչ պատրաստված մարտիկներին:
Սակայն ռուսական ուժերը նույնպես լուրջ կորուստներ են կրում, իսկ ուկրաինացի զինվորականներն ասում են, որ իրենց խնդիրն է ձգձգել մարտերն արևելքում որքան հնարավոր է երկար, որպեսզի հյուծեն թշնամուն և սպասեն, որ արևմտյան զենքերն առաջնագիծ հասնեն:
Վերջին օրերին ուկրաինացի զինվորականները խոսում են առաջնագծից հեռու գտնվող օկուպացված տարածքներում հակառակորդի ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման մասին։ Սա նշան է, որ օտարերկրյա հրետանային կայանքները՝ նոր և ավելի հեռահար, արդյունավետ են օգտագործվում, նշում է հեղինակը։
Ռուսական այսօրվա զանգվածային հարվածը Սլովյանսկին կարող է նշանակել, որ Դոնեցկի շրջանի քաղաքը կլինի հաջորդ հարձակման թիրախը, ասում են ուկրաինացի մեկնաբանները: