ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահանության ծառայութուն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օրերս «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված հանրային միջոցառումը իրականացվել է ԿԳՄՍ նախարարի թույլտվությամբ, և կնքվել է համապատասխան պայմանագիր։
Այս մասին հրապարակում էր արել
aravot.am-ը։ Խնդիրն այն է, որ հուշարձանի տարածքից կազմակերպվել է հրավառություն, ինչը կարող էր լուրջ վնասներ հասցնել պատմամշակութային այս կոթողին։ Նախարարությունից, սակայն, վստահեցնում են, որ խստորեն պահպանվել են հուշարձանի օգտագործման պայմանները, հաջորդ օրը հուշարձանը իր դռները բացել է այցելուների առաջ, քանի որ որևէ վնաս չի հասցվել դրան։
Բայց կարծես թե ամեն դեպքում նախատեսված միջոցառումն ու տեղի ունեցածը իրար չեն համապատասխանել։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահանության ծառայութուն» ՊՈԱԿ-ը «խոստովանում է», որ միջոցառման ընթացքում եղել է նախապես համաձայնեցված երաժշտության ժանրի և երգացանկի խախտում, որը անմիջապես շտկվել է։
Ակնհայտ է, որ միջոցառումն իր բնույթով չի համապատասխանել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ոգուն։
Եվ ինչքան էլ նախարարությունից «արդարանում են», որ նաև նմանատիպ միջոցառումների անցկացումից են գոյանում այն միջոցները, որոնցով իրականացվում են արգելոցների տարածքի բարեկարգման, ենթակառուցվածների նորոգման և այլ նմանատիպ աշխատանքներ, միևնույնն է, նպատակը միշտ չէ, որ արդարացնում է միջոցները։