Վրացական կողմը չի նախատեսում հրաժարվել ռուսական էլեկտրաէներգիա գնելուց դրա ցածր գնի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ելնելով սակագների զգայունությունից՝ մենք չենք կարող շքեղություն թույլ տալ և քաղաքական նկատառումներով հրաժարվել Ռուսաստանից էժան էներգիայից»,- ասել է Նարմանիան։
Նա նշել է, որ Վրաստանը մի քանի ամիս է, ինչ էլեկտրաէներգիա է գնում Ռուսաստանից։ Ռուսական կողմի ռեսուրսը, ըստ նրա, ավելի էժան է, քան Թուրքիայինն ու Ադրբեջանինը։
Նարմանիան հավելել է, որ եթե արևմտյան երկրներն արգելեն Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնելը, Վրաստանը չի ընկղմվի էներգետիկ ճգնաժամի մեջ։