Յոթնյակի (G7) խմբի անդամ երկրները ենթակառուցվածքների զարգացման գլոբալ ծրագիր են սկսում և նախատեսում են 600 միլիարդ դոլար ներդնել աղքատ երկրների ենթակառուցվածքներում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հրապարակված հուշագրում ասվում է, որ «Մեծ յոթնյակի առաջնորդները պաշտոնապես գործարկում են գլոբալ ենթակառուցվածքային և ներդրումային գործընկերություն, որը հեղափոխական նախագծեր կիրականացնի զարգացող երկրներում ենթակառուցվածքային բացերը փակելու, համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթաների ամրապնդման և ԱՄՆ ազգային անվտանգության շահերի առաջխաղացման համար»:
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ G7-ի անդամ երկրները ծրագրում են մինչև 2027 թվականը ներգրավել 600 միլիարդ դոլար՝ համաշխարհային ենթակառուցվածքներում ներդրումների տեսքով։
«Եվ սա կլինի միայն սկիզբը։ Միացյալ Նահանգները և G7-ի իր գործընկերները կձգտեն լրացուցիչ կապիտալ մոբիլիզացնել այլ համախոհ գործընկերներից, բազմակողմ զարգացման բանկերից, զարգացման ֆինանսական հաստատություններից, պետական հարստության հիմնադրամներից և այլն», - ասել են Սպիտակ տանը: