Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է Վրաստանին Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու պայմանները։ Այդ մասին նա խոսել է Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ դրա համար Վրաստանը պետք է պատասխանի Եվրահանձնաժողովի կողմից առաջադրված մի շարք առաջնահերթ հարցերի։ Իր հերթին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է «թեկնածուի կարգավիճակ ստանալու համար առաջիկա ամիսներին վճռականությամբ աշխատելու երկրի պատրաստակամության մասին»։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր օգտահաշվում։
Ավելի վաղ Մակրոնը նշել էր, որ ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը հզոր ազդանշան է Ռուսաստանի համար։
Հունիսի 23-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հաստատել է ԵՄ գագաթնաժողովի կողմից Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը։ Իսկ Վրաստանը նման կարգավիճակ կարող է ստանալ Եվրամիության կողմից առաջադրված մի շարք պայմանների կատարումից հետո։