ԱՄՆ նախկին պետքարտուղար և 2024 թվականին նախագահական ընտրարշավի հավանական թեկնածու Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ծրագրված ցեղասպանություն է, և դրա նպատակն է ստեղծել նոր Ռուսական կայսրություն՝ նախկին ԽՍՀՄ-ի տիպի։
«Պուտինի անօրինական, հարձակողական պատերազմը իրենից ներկայացնում է ծրագրված ցեղասպանություն, այսինքն՝ ժողովրդի կանխամտածված ոչնչացում, ինչպես դա սահմանված է 1948 թվականին ՄԱԿ-ի կանոնադրությամբ»,- ասել է Պոմպեոն՝ նախօրեին ելույթ ունենալով Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում։
Նրա կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ է մտնում նաև նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում էներգետիկ ռեսուրսների բռնագրավումը և էներգետիկայի ոլորտում ռուսական պայմանները հետագայում բռնի պարտադրելը։
Դա կհանգեցնի մեծ տնտեսական կորուստների ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար, ասել է Պոմպեոն։
Նրա կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը կանխելու միայն մեկ միջոց կա՝ թույլ չտալ, որ Ռուսաստանը վերահսկողություն հաստատի Դոնբասի նկատմամբ և շարունակել համապարփակ օգնությունն Ուկրաինային։
«Ամերիկան ունի «Աբրամս» տանկերի մեծ պաշարներ, զգալի մասը պետք է անհապաղ պատրաստվի Ուկրաինա ուղարկելու համար», - ասել է նա:
Նա նաև կոչ է արել Կիևին տրամադրել ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր՝ նշելով, որ ներկայիս խորհրդային ժամանակաշրջանի С-300 համակարգերը բավարար չեն։
Պոմպեոն ելույթ է ունեցել հօգուտ «նոր գլոբալ դաշինքի ձևավորման՝ հանուն ազատության, որը կարող է դիմակայել ինչպես ռուսական, այնպես էլ չինական ագրեսիային», և անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման՝ Ուկրաինայում, Իսրայելում և Թայվանում հենակետերով:
Նա մերժել է այն գաղափարը, որ Մոսկվային հանգստացնելը կարող է ինչ-որ օգուտ բերել։ «ՆԱՏՕ-ի շրջանակներում համերաշխությունը առաջնային նշանակություն ունի: Գերմանիան և Ֆրանսիան չպետք է հաշվի առնեն Կրեմլի որևէ ցանկություն»,- ասել է նա: