Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պետք է իրականացնի «ապաօլիգարխացում»։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած հանձնարարականներում։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է երկրի տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքի վրա «շահադիտական հետաքրքրությունների չափազանց մեծ ազդեցությունը» վերացնելու անհրաժեշտության մասին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ «ապաօլիգարխացման» ենթատեքստում խոսքը ոչ թե միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի, այլ երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի մասին է։
«Բիձինա Իվանիշվիլին գործարար է, բարերար և բարեգործ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով, որ Սաակաշվիլին, նստելով բանտ, արդեն իսկ քայլեր է ձեռնարկել «ապաօլիգարխացման» ուղղությամբ։