Եվրամիությունն ուղիներ է փնտրում ռուսական էներգակիրներից իր կախվածությունը նվազեցնելու և Իսրայելի հետ համագործակցությունն ընդլայնելու համար, գրում է Financial Times-ը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նախօրեին հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է նախապատրաստվել երկու խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված են Իսրայելի հետ էներգետիկ կապերի ամրապնդմանը. գազի և ջրածնի խողովակաշար Արևելյան Միջերկրական ծովում և Իսրայելը Կիպրոսին ու Հունաստանին կապող ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխ:
«Պատերազմի սկզբից Ռուսաստանը միտումնավոր դադարեցրել է Լեհաստանի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Դաիայի գազամատակարարումը, ի պատասխան Ուկրաինային մեր աջակցության,- ասել է ֆոն դեր Լյայենը Իսրայելի հարավում գտնվող համալսարան կատարած այցի ժամանակ:- Բայց Կրեմլի պահվածքը միայն ամրապնդել է ռուսական վառելիքից կախվածությունից ազատվելու մեր վճռականությունը»։
Սակայն միջերկրածովյան գազի պաշարների յուրացումն ունի իր դժվարությունները։ Իսրայելական «Քարիշ» գազի հանքավայրը սահմանակից է լիբանանյան «Քանա» հանքավայրին, և երկրներն արդեն երկար տարիներ չեն կարողանում բաժանել մայրցամաքային ծանծաղուտը։
Ծովային սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները շարունակ փակուղի են մտնում։ Վերջին փորձն արվել է 2021թ․-ի մայիսին։
Ներկայում կողմերը շարունակում են փոխզիջման տարբերակներ փնտրել, որպեսզի սկսեն բնական գազի արդյունահանումը, որն այնուհետ կարող է արտահանվել Եվրոպա։