Ճշմարտությունից վիրավորվողները
copy image url

Ճշմարտությունից վիրավորվողները

Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:05 14-06-2022
ՍՄԿԿ-ն ինքն իրեն հռչակեց էպոխայի միտք, պատիվ ու խիղճ, բայց կորցրեց բոլոր այդ հատկանիշերն ու ինքն էլ կորավ։ Ժողովրդի իշխանությունը զավթած ու յուրացրած ՔՊ-ն ինքն իրեն հռչակեց ժողովրդավարության բարձրագույն լիգայի խաղացող, բայց ոտնահարեց ու արգելեց ժողովրդավարության բոլոր արժեքներն ու սկզբունքները և դարձավ հայոց բազմադարյա պատմության պատիժը, տականքը ու ամոթը։ Եթե կոմունիստները, ինչպես մեզ սովորեցնում էին դպրոցում, ասում էին Լենին ու հասկանում էին կոմկուս, ասում էին կոմկուս ու հասկանում էին Լենին, ապա հիմա կյանքն է մեզ սովորեցնում, որ երբ որևէ մեկն ասում է «նիկոլ», ուրեմն խոսքը ընդգծված բացասական հատկանիշերով անձի մասին է, իսկ երբ այդ անձին երկրպագող պաշտոնյաներին, կռապաշտներին, աղանդավորներին, լուսանցքային փոքրամասնություններին մի ընդհանրական բնութագրական է պետք տալ, ասում են «ՔՊ»։ Այսինքն՝ հիմա ու արդեն «Նիկոլ» և «ՔՊ» արտահայտությունը բոլորովին էլ միայն ճանաչողական նշանակություն չունեն, այլ նաև նույնականացման արժեք են ստացել։ Օրինակ՝ ինչպես «սյունյաց ողջույն» կամ «հինգերորդ շարասյուն» հայտնի իմաստով արտահայտություններն են։

Արդեն երբ որևէ մեկը մեկ ուրիշին «նիկոլ» կամ մի խմբի «ՔՊ» է անվանում, ուրեմն ուզում է հակիրճ, բոլորին հասկանալի ընդամենը մեկ բառով արտահայտել իր ողջ խորշանքը։ Ուստի և այս խորշելի երևույթների ի հայտ գալով՝ իհարկե, Հայաստանն ու հայությունը աննախադեպ ծանր կորուստներ ունեցան, բայց նաև հայոց լեզուն հարստացավ շատ տարողունակ բացասական բովանդակությամբ մակդիրներով, որոնց իմաստային նշանակությունը տակավին դեռ չի ամբողջացել ու անընդհատ համալրվում է նողկալի հատկանիշերով։ Ինչևէ, բայց նորմալ մարդկանց պետք չէ մտահոգվել այդպես անվանարկվելու վտանգից։ Ինչպես հայտնի հին անեկդոտում, եթե դու ոչ մի վատ բան չես արել, քեզ ոչ ոք «գորբաչով» չի անվանի։

Ըստ ամենայնի՝ թշնամու նշանակած վարչապետը ու նրա հավաքագրած ՔՊ-ն չեն հասկացել նաև այս իրողությունը, որ իրենց հենց իրենց անունով կոչելը արդեն վիրավորանք է։ Սրանք միջգերատեսչական քննարկումներ են արել ու որոշել են, որ հուլիսի 1-ից ճշմարտախոս քաղաքացիներին ճշմարտություններ ասելու` իրենց ծանր վիրավորելու համար էլ քրեորեն չեն պատժի, բայց քաղաքացիների՝ ճշմարտությունն ասելու «խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով» ամեն ճիշտ խոսքի համար կտուգանեն մինչև 3 միլիոն դրամ։ Եվ սրա անունը դրել են «հետագա ժողովրդավարացման օրակարգում խոսքի ազատության իրավաչափ սահմանափակում»։

Այսինքն՝ բոլորին աջ ու ձախ վիրավորելու ու պախարակելու առաջադրանքով նախկինում խմբագիր նշանակված, շանտաժը, սադրանքը, սուտը իր ամենօրյա գործիքը դարձրած անձը, ով վարչապետ է նշանակվել հայոց պետականությունն ու հայ ժողովրդին ոչնչացնելու համար, հիմա բոլոր մարդկանց, լրատվամիջոցներին ու լրագրողներին զրկում է լիարժեք, ամբողջական, ճշգրիտ, պարզ ձևակերպումներով արտահայտվելու հնարավորությունից։ Մինչդեռ հենց ինքը պետք է գիտակցի, որ իր այս քայլը հատկապես է հղի այնպիսի վտանգավոր հետևանքներով, որոնք լինում են, օրինակ, եռացող կաթսայի բերանը պինդ փակելու դեպքում։ Փաստ է, որ չի գիտակցում, իսկ այդպես է, քանի որ միշտ ստել է ու երբեք ճշմարտությունն ասելու իմաստը չի տեսել։ Մինչդեռ նորմալ մարդկանց համար դա, ինչպես հայտնի երգում, «վաղեմի սովորություն է` մարդ պետք է արտահայտվի»: Անհասկանալի, չպարզված է մնում՝ ժողովրդից մերժված դրածո վարչապետը երբ իր մասին օրը հազար ճշմարտացի գնահատական է լսում ու կարդում, ի՞նքն է գնում ոստիկանություն` նախկինում իրավապահ պետական կառույց, որին ինքն է հրամայել` քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնել, ասֆալտին փռել, պատերին ծեփել, թե՞ զանգում է դատավորների ու դատախազների, որոնց ինքն է որակել «պատերի տակ վնգստացող»-ներ։ Ի՞նքն է սրանց ասում, որ իրեն խիստ վիրավորել են, թե՞ թավշյա ուսապարկերից ինչ-որ մեկն է որոշում, որ այ այս մակդիրը կամ բնորոշումը վիրավորել է բոլորին անզուսպ ու անկաշկանդ վիրավորող շեֆին, իսկ այ սրանք այնքան էլ վիրավորական չեն քաղաքացուն իր գոյությամբ վիրավորողի համար։

Եվ ընդհանրապես լավ ու ճիշտ կլիներ, որ Կառավարության որևէ կառույց կամ գոնե ֆեյքերի ՊՈԱԿ-ը հրապարակեր բոլոր այն վիրավորանքների ցանկը, որոնք գրավոր կամ բանավոր արտահայտվել են դրածո վարչապետի հասցեին, ու նշվեր, թե որ դեպքում դատարանը ինչ քրեական կամ կարգապահական պատիժ է նշանակել, որ արտահայտություններն են դիպուկ, ընդունելի, ոչ պատժելի, ներելի համարվել կամ անտեսվել։ Օրինակ՝ շատ հետաքրքիր է` երբ վարչապետին ասում են այս ու այս մարմնիդ մասը ուտեմ, նա դրանից վիրավորվո՞ւմ, թե՞ շոյվում է։ Իսկ նրա հոգեկան առողջության վիճակը հասկանալու, իրականն ու երևակայականը տարբերակելու կարողությունը որոշելու, բարոյական որակները իմանալու համար խիստ կարևոր է պարզել՝ երբ իրեն աստված են անվանում, դա չի՞ վիրավորում, թե՞ նա իրոք ընդունում է, որ իրեն կարելի է պաշտել։

Վստահ եմ, որ միշտ ուրիշի առաջադրանքը կատարելու համար ինչ-որ բան նշանակվող անձի երբեք չունեցածը` պատիվն ու արժանապատվությունը, աչալուրջ պաշտպանող դատավորները, քննիչները, դատախազները, ՔՊ-ական մանդատ կամ պաշտոն ունեցողները ևս կդժվարանան ճշմարտացիորեն պատասխանել այս պարզ հարցերին։ Ճշմարտությունն ասելու համար հուլիսի 1-ից նրանք ավելին կկորցնեն, քան 3 միլիոն դրամն է։

Ձեզ գուցե հետաքրքրի