Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը շաբաթ օրը՝ հունիսի 11-ին, այցելել է Կիև, որպեսզի աջակցություն հայտնի Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու հարցում, գրում է Bloomberg-ը։
Այցի մասին նախապես պաշտոնապես չի հայտարարվել։ Ֆոն դեր Լյայենը կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և կքննարկի Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտը, ինչպես նաև ռազմական գործողություններից հետո երկիրը վերականգնելու միջոցները։
«Մենք կամփոփենք վերականգնման համար անհրաժեշտ համատեղ աշխատանքի արդյունքները և կքննարկենք Ուկրաինայի առաջընթացը ինտեգրման ճանապարհին։ Դա հաշվի կառնվի այն գնահատականում, որը Եվրահանձնաժողովը շուտով կտրամադրի»,- ասել է Ֆոն դեր Լյայենը։
Ակնկալվում է, որ հունիսի 17-ին հանձնաժողովը ԵՄ անդամներին խորհուրդ կտա Ուկրաինային տրամադրել դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ՝ պայմանով, որ երկիրը կհարգի օրենքի գերակայությունը և ակտիվորեն կպայքարի կոռուպցիայի դեմ։ Այս մասին հաղորդում են Bloomberg-ի աղբյուրները։