Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից աշխարհում աճող հոգնածության ֆոնին Կիևին փորձում են հարկադրել Ռուսաստանի հետ ոչ շահավետ պայմանավորվածությունների գնալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուկրաինական «Ստրանա.ua» պարբերականին։
«Բոլորն ուզում են մեզ մի փոքր առաջ մղել դեպի ինչ-որ արդյունք, միանշանակ մեզ համար ոչ շահավետ, բայց շահավետ այս կամ այն կողմի համար։ Շահերը կրկին տարբեր են՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ քաղաքական»,- ասել է նա։
Ըստ փորձագետների, Եվրոպան հոգնել է ուկրաինական ճգնաժամից։ Օրինակ, Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը նշել է, որ երբ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան շրջում է Եվրոպայով, «նա միայն մեկ բան է լսում՝ դե արդեն ավարտեք այնտեղ»։ Նրա կարծիքով, Եվրամիությունը, աջակցելով Ուկրաինային, միայն տնտեսական մեծ խնդիրների է բախվել։
Իսկ Զելենսկին դժգոհում է, որ Եվրոպան այդքան շատ ժամանակ է ծախսում Կիևին օգնելու հարցում որոշում կայացնելու համար։