Եթե ցանկանում եք նիհարել, ցանկալի է սննդակարգում ներառել մեծ քանակությամբ բջջանյութ պարունակող մթերքներ։ Բջջանյութը հագեցնում է օրգանիզմը և նվազեցնում ախորժակի զարգացման համար պատասխանատու հորմոնի արտադրությունը, «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում պատմել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Մասնագետի խոսքով՝ սովի զգացումը նվազեցնելու համար արժե ուտել ջրի և քլորոգենաթթվի բարձր պարունակությամբ մթերքներ, որոնք նպաստում են քաշի նվազմանը։ Արժե սննդակարգում ներառել թարմ վարունգ, պեկինյան կաղամբ և նեխուր։ Դիետայի ընթացքում բանջարեղենային ապուրները կազատեն մշտական սովի զգացումից։
«Բանջարեղենով ապուրը շատ ջուր է պարունակում, որը ծավալ է ստեղծում, իսկ ջերմությունը հանգստացնում է ստամոքսի պատերը։ Նման ուտեստներով նիհարելը հնարավորինս հեշտ է։ Խորհուրդ եմ տալիս նաև ապուրի հետ մեկ կտոր ամբողջահատիկ ցորենի ալյուրով հաց ուտել։ Այս համադրությունը կօգնի երկար ժամանակ մոռանալ սովի մասին»,- նշել է բժիշկը։
Սննդաբանը խորհուրդ է տվել նաև ձու ավելի հաճախ ուտել, որը կապահովի հագեցվածության երկարատև զգացողություն։ Ախորժակը կնվազեցնի նաև դարչինով կակաոն և կաթով թեյը։