Հայտնի է Չեռնոգորիայի նախագահի հայաստանյան այցի օրակարգը
copy image url

Հայտնի է Չեռնոգորիայի նախագահի հայաստանյան այցի օրակարգը

Ներքին 2 տարի առաջ - 18:52 25-05-2022
Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միլո Ջուկանովիչի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Չեռնոգորիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծառ կտնկի Հիշողության պուրակում:

Այցի շրջանակում Չեռնոգորիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հայաստան այցի ընթացքում Չեռնոգորիայի նախագահը կայցելի նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Ամենից շատ դիտված