Դեսպանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
copy image url

Դեսպանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Ներքին 2 տարի առաջ - 22:49 12-05-2022
Մայիսի 11-ին Կիպրոսում աշխատանքային այցելությամբ գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Կիպրոսի Ազգային Առաջնորդարան, որտեղ հանդիպում է ունեցել Կիպրոսի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաճեանի և Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունելով ներկաներին՝ ներկայացրել է Կիպրոս իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը։ Հանգամանալից կերպով անդրադարձել է իր առաքելության, առաջիկայում նախատեսվող մի շարք ձեռնարկներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Կիպրոսի հասարակության մեջ և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում կիպրահայության կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանել է ներկաների բոլոր հարցերին։

Հանդիպմանն ներկա են եղել Կիպրոսի Խորհրդարանի Պետական Ներկայացուցիչ Վարդգես Մահտեսեանը, Կիպրոսում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարտին Մինասյանը, Նիկոսիայի Հոգևոր Հովիվ՝ Տ. Մոմիկ Քհն. Հապեշեանը, Թեմի Պատգամավորական Ժողովի ատենապետն ու անդամները, Ազգային Վարչության ատենապետն ու անդամները, կառույցների, կուսակցությունների, կրթական, մշակութային, մարզական միությունների ատենապետերը, ներկայացուցիչները եւ անդամները, Նարեկ Վարժարանի հոգաբարձութեան ատենապետը, անդամները, տնօրենուհին եւ տեղական հայկական մամուլի խմբագիրները։

Ձեզ գուցե հետաքրքրի