«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը դիմել է ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսին այն բանից հետո, երբ նա քննադատել է ԱՄՆ-ի կողմից Կիևին հետախուզական տեղեկատվություն փոխանցելու փաստերի վերաբերյալ վերջին արտահոսքերը լրատվամիջոցներ: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է նրա Telegram-ալիքում։
«Բորժոմի խմելու համար շատ ուշ է, միստր Բերնս։ Մենք իրար լավ ենք ճանաչում, հանդիպել ենք Spaso House-ում։ Հուսով եմ հիշում եք: Դժվար թե կարողանաք քողարկել Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությունը ռուսաստանցի զինծառայողների սպանությանն ու հետախուզական տվյալների փոխանցմանը»,- գրել է Ռոգոզինը։
Ռուսական պետական կորպորացիայի ղեկավարը նաև հիշեցրել է Վաշինգտոնի կողմից «ԱՄՆ-ի ուղեծրային խմբերի, այդ թվում՝ Starlink-ի և Եվրամիության կողմից իրականացված դիտարկումների փոխանցումը»։ «Մենք հիշաչար չենք, բայց չար ենք և լավ հիշողություն ունենք»,- եզրափակել է նա։
Նախօրեին Բերնսը քննադատել էր Վաշինգտոնի կողմից Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցման մասին տեղեկատվության արտահոսքը լրատվամիջոցներ: «Ես բացարձակապես համաձայն եմ, որ դա անպատասխանատու, շատ ռիսկային և վտանգավոր է, երբ մարդիկ չափազանց շատ են խոսում և էական չէ, թե արտահոսքը տեղի է ունեցել մասնավոր զրույցի ընթացքում, թե կոնկրետ հետախուզական խնդիրների մասին հրապարակավ խոսելու ժամանակ»,- ասել է Բերնսը:
Մայիսի 5-ին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը հետախուզական տեղեկատվություն է տրամադրել Կիևին, որը հանգեցրել է ռուսաստանցի զինվորականների զոհվելուն։ Այս տեղեկությունը հրապարակել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։