Վրաստանում ուկրաինացի փախստականներին վտարում են անվճար կացարաններից. Օմբուդսմեն
copy image url

Վրաստանում ուկրաինացի փախստականներին վտարում են անվճար կացարաններից. Օմբուդսմեն

Արտաքին 2 տարի առաջ - 15:56 07-05-2022
Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք պատերազմի սկսվելուց հետո ժամանել են Վրաստան, խնդրել են լքել կառավարության կողմից ֆինանսավորվող հյուրանոցային համարները, սակայն իշխանությունները նախընտրել են չազդարարել այս որոշման մասին։ Այս մասին ասվում է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ։

Կառավարությունն անվճար կացարան է առաջարկել Ուկրաինայի այն բոլոր քաղաքացիներին, ովքեր փետրվարին մուտք են գործել երկիր։ Նրանց համարներ են հատկացվել հյուրանոցներում, որոնք մինչև վերջերս օգտագործվում էին որպես քովիդ-կլինիկաներ։ Մարտի 24-ի դրությամբ համապատասխան օգնությունից օգտվել է Ուկրաինայի մինչև 350 քաղաքացի, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Ուկրաինայի քաղաքացիների դիմումների և ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հիման վրա Ժողովրդական պաշտպանը տեղեկացել է, որ պետական ​​ֆինանսավորմամբ հյուրանոցներում տեղավորված Ուկրաինայի քաղաքացիներին նախազգուշացրել են մայիսի 6-ից ազատել բնակելի տարածքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշում է օմբուդսմենը, միևնույն ժամանակ ԶԼՄ-ներում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ կառավարությունը որոշել է ուկրաինացիներին հատկացնել դրամական օգնություն, որը, ի թիվս այլոց, կծածկի կացարանային ծախսերը։ Սակայն «այս ֆինանսավորման վերաբերյալ օրենսդրական որոշում չի ընդունվել», և «որևէ համապատասխան գերատեսչության կայքում պաշտոնական հայտարարություն չի եղել»։

«Ժողովրդական պաշտպանը Վրաստանի կառավարությանն ու պաշտոնատար անձանց կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ որքան հնարավոր է շուտ կոնկրետ որոշումներ ընդունելու և տեղեկացնելու ինչպես առանձին գերատեսչություններին, այնպես էլ Ուկրաինայի փախստականներին, թե ինչպես, երբ և որտեղ են նրանք վերաբնակեցվելու»,- ասվում է հայտարարության մեջ։