Ռուսաստանն ուժեղացնում է հարձակողական գործողության տեմպերն Ուկրաինայում: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկը։
Նրա խոսքով, ռուսական զորքերն ինտենսիվ կրակ են վարում գրեթե բոլոր ուղղություններով։ Հատկապես ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում Խարկովի և Դոնեցկի շրջաններում։
Ըստ Ուկրաինայի ՊՆ-ի՝ ռուսական զորքերի գլխավոր նպատակը մնում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելը, ինչպես նաև դեպի բռնակցված Ղրիմ ցամաքային միջանցքի գործունեությունն ապահովելը։ Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Ազովի ծովի ափը, սակայն դե ֆակտո միջանցքը դեռ գոյություն չունի, քանի որ գոյություն ունեցող ճանապարհները տանում են Մարիուպոլով, որի մի մասը դեռևս գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ։
Ռուսական զորքերը, դատելով ճակատից ստացված հաղորդագրություններից, ուկրաինական ուժերին շրջափակելու գործողություն են իրականացնում Դոնբասում՝ Սլավյանսկ, Կրամատորսկ, Սեվերոդոնեցկ քաղաքների շրջանում։ Նրանք միաժամանակ հարձակվում են հյուսիսից՝ Խարկովի մարզից, հարավից՝ Զապորոժիեի շրջանից։ Առաջընթացի տեմպերը, սակայն, դանդաղ են։ Մեկ ամսում ռուսական զորքերն առաջ են գնացել մոտ 20-30 կիլոմետր, իսկ մի շարք հատվածներում ընդհանրապես առաջխաղացում չի եղել։
Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի՝ ռազմական գործողությունների ակտիվացում է սպասվում նաև Նիկոլաևի և Կրիվոյ Ռոգի ուղղությամբ։