Մոսկվայում ավարտվել է Վլադիմիր Պուտինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը
copy image url

Մոսկվայում ավարտվել է Վլադիմիր Պուտինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը

Արտաքին 2 տարի առաջ - 23:12 26-04-2022
Ապրիլի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ է վարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Դրանք տևել են մոտ մեկ ժամ և հիմնականում վերաբերել են Ուկրաինայի իրավիճակին։

Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը հաստատակամ է Ուկրաինայի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում և չի հրաժարվում իրավիճակի դիվանագիտական ​​կարգավորումից՝ ընդգծելով, որ Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունները հաջող են անցել։

«Բավականին նշանակալից առաջընթացի ենք հասել։ Մեր ուկրաինացի գործընկերներն անվտանգության պահանջները չեն կապում այնպիսի հայեցակարգի հետ, ինչպիսին Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են»,- ասել է Պուտինը։

Միաժամանակ, ըստ ՌԴ նախագահի, Ստամբուլում բանակցություններից հետո Մոսկվան բախվել է «սադրանքների». այսպես է նա բնութագրել Ուկրաինայի Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ մի քանի հարյուր մարդ է զոհվել։

Պուտինի խոսքով, սկզբում Ուկրաինան պատրաստ էր Դոնբասի և Ղրիմի հարցերը դնել «փակագծերից դուրս», սակայն Բուչայի դեպքից հետո հրաժարվել է քննարկել դրանք՝ բացառությամբ նախագահների միջև ուղիղ բանակցությունների։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն աջակցություն է հայտնել բանակցություններ կազմակերպելու Թուրքիայի ջանքերին, ինչպես նաև առաջարկել է մարդասիրական միջանցքների գծով ՄԱԿ-Ռուսաստան-Ուկրաինա կոնտակտային խումբ ստեղծել։

Մասնավորապես՝ լուծել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից մարդկանց տարհանման հարցը, որտեղ ուկրաինացի զինվորականները շարունակում են պաշտպանվել։ ՌԴ նախագահը, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից ստացած տեղեկության, համաձայնել է ներգրավել Կարմիր խաչին և ՄԱԿ-ին գործարանի տարածքում գտնվող խաղաղ բնակիչների տարհանմանը: Միաժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Մարիուպոլում մարտերն ավարտվել են, ուկրաինացի ավելի քան 1300 զինվոր է հանձնվել, իսկ ավելի վաղ Ռուսաստանի օգնությամբ Մարիուպոլից արդեն տարհանվել է 140 հազար խաղաղ բնակիչ։

Գուտերեշն Ուկրաինայում տեղի ունեցողն անվանել է ներխուժում երկրի ինքնիշխան տարածք, իսկ Պուտինը ռուս զինվորականների գործողությունները որակել է որպես «հարկադրված միջոց»՝ հավելելով, որ Դոնբասի բնակիչները ութ տարի շրջափակման մեջ են եղել ուկրաինական իշխանությունների պատճառով։

Ամենից շատ դիտված