ԱԺ «Տարածաշրջանային և եվրասիական» հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանի՝ «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Ըստ Քերոբյանի՝ նախագծի համաձայնագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր և պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև փոխադարձ առևտրային կապերի զարգացման և տնտեսական համագործակցության խրախուսման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև արգելքներն առևտրի և ներդրումների ոլորտում, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:
Քերոբյանի խոսքով՝ ՀՀ և Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ համաձայնագրի շրջանակներում ստորագրվել է միասնական փաթեթ, որով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է առևտրի խթանումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։
«Վերոնշյալ համաձայնագրով հաստատվում է ապրանքների համաձայնագրի ներդրումների և ծառայությունների մասին կողմերի կնքման մտադրությունը։ Սինգապուրի հետ անցկացվել է յոթ բանակցային փուլ, որի շրջանակներում համաձայնագրի կնքման մասով բանակցություններ են տարվել, իսկ այժմ պետք է ձևավորել պայմանավորվածությունների փաթեթ։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ փաթեթ, պայմաններ՝ փոխադարձ առևտրային զարգացման և փոխադարձ բնագավառներում կողմերի միջև առևտրային և ներդրումային կապերը զարգացնելու համար»։
Օրենքի հարակից զեկուցողը՝ ըստ հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանի, կլինի Ալեքսեյ Սանդիկովը։