Ուկրաինացի ձեռներեց Ռինատ Ախմետովը, «Մետինվեստ» խմբի սեփականատերը, որին են պատկանում նաև Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» գործարանը և «Իլյիչ» մետալուրգիական կոմբինատը, հայտարարել է, որ կվերակառուցի Մարիուպոլը և ամբողջ Ուկրաինան, հաղորդում է Reuters-ը։
Գործարարը, որը Forbes-ի վարկածով համարվում է Ուկրաինայի ամենահարուստ մարդը, ասել է, որ Մարիուպոլը դարձել է «հերոսության համաշխարհային օրինակ» և իր համար կմնա ուկրաինական քաղաք։ Նա վստահություն է հայտնել, որ իր «SCM Group» ընկերությունը առանցքային դեր կխաղա ռազմական գործողությունների ավարտից հետո երկրի վերականգնման գործում։ Գործարարն ասել է, որ կհաջողվի վերականգնել «ազատ, եվրոպական, ժողովրդավարական և հաջողակ Ուկրաինան», սակայն դրա համար երկրին «աննախադեպ միջազգային ծրագիր է անհրաժեշտ»։
Ավելի վաղ Ախմետովը հայտնել էր, որ SCM Group-ը հայց կներկայացնի Ռուսաստանի դեմ։ Նա նշել էր, որ ակնկալում է փոխհատուցում ստանալ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամանակ պատճառված վնասի համար։