Մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, հնարավորություն չունենք չպատրաստված գործողություններ անելու․ Մամիջանյան

Ներքին 3 տարի առաջ - 13:40 15-04-2022

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պնդում է՝ իշխանափոխության հասնելու հարցով իրենք չեն հապաղում, պարզապես իրենց պետք է ժամանակ՝ հստակ գործողությունները մշակելու և հանրությանը ներկայացնելու համար: Հայկ Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ ասի, թե միջազգային հանրություն ասելով ում նկատի ունի, երբ հայտարարում է, որ միջազգային հանրությունը հորդորում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը: Պատգամավորը թերահավատորեն է մոտենում այդ հայտարարությանը:

Հարցին, թե ընդդիմությունն ինչո՞վ է վստահ, որ իշխանափոխության արդյունքում Արցախի հարցով բանակցություններում հնարավոր է հասնել արդյունքների՝ նա ասաց. «Շատ պարզ. էմպիրիկ փորձով: Տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությունը հաջողել է իրական միջազգային հանրությանը, մասնավորապես համանախագահ երկրների և հայկական դիրքորոշումների նույն ծիրում, նույն էջում գտնվելը ապահովել: Եթե դա մեզ հաջողվել է առաջ, կհաջողվի նաև ապագայում»:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ընդդիմությունն ինչո՞ւ է հապաղում, պատգամավորն ասաց. «Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, հնարավորություն չունենք չպատրաստված, միանշանակ չգծված և մանրամասն չպլանավորված գործողություններ անելու: Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ հստակ գործողությունները մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու համար: Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է»:

Մինչև ընդդիմությունը կհայտարարի հաջորդ գործողությունների վերաբերյալ, նա հորդորեց իրենց հավատացող քաղաքացիներին ընտրել 5 մարդու, որոնք ընդդիմության հանրահավաքներին չեն մասնակցում, և կարողանալ նրանց մասնակից դարձնել ընդդիմության կազմակերպած «Արցախի փրկության գործողություններին»:

Ամենից շատ դիտված