Սրանք ընդամենը գլխաքանակ են, կոկորդիլոս ընտրողներ են
copy image url

Սրանք ընդամենը գլխաքանակ են, կոկորդիլոս ընտրողներ են

Ներքին 3 տարի առաջ - 15:12 11-04-2022
Շաբաթավերջին վարչապետի մոտ քննարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ քննարկելու են գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցեր, որ տեսնեն, թե ինչ իրադրություն ունենք, ինչ կանխատեսումներ ունենք, մանավանդ պարենային անվտանգության առումով. «Նաև մտքեր փոխանակենք գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած ծրագրերի վերաբերյալ»: Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի շուկաներում ընթացիկ իրավիճակի, մշակովի հողատարածքների ծավալի, ջրամբարների լցվածության, ոռոգման համակարգի վիճակի վերաբերյալ: Պատասխանատուները ներկայացրել են այս ուղղություններով իրականացվող մշտադիտարկումների արդյունքները և գնահատականները:

Առաջին հայացքից հերթական, շարքային թվացող, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հաղորդագրություն է։ Իրականում պաշտոնական, կառավարության մակարդակով դրսևորվող ցինիզմ է գյուղատնտեսության, գյուղացու և ընդհանրապես երկրի նկատմամբ։ Եթե նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածվեր դեկտեմբերին, հունվարին, նույնիսկ փետրվարի առաջին տասնօրյակում, նորմալ կընկալվեր և տրամաբանական կլիներ։ Մինչդեռ ապրիլի 8-ին, երբ օրացույցով անգամ գարունը «կիսվել» է, և մայիսի սկզբներից փաստացի ամառ է, կառավարությունում նոր միայն հիշել են, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների ուղղությամբ պետք է քննարկում իրականացնեն։ Եվ ոչ թե նախապատրաստական աշխատանքների ընթացքն են քննարկել, այլ ընդամենը գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցեր։ Այս քննարկումից ընդամենը մեկ օր առաջ ոլորտի պատասխանատուին հիշեցնում են գարնանացանի սերմացու չլինելու մասին, որին «դե եկող շաբաթ գնում եմ Մոսկվա, տեսնենք էլի, մի բան կանենք, համ էլ անցած տարի էլ չհասցրինք, հետո...» ոճի մեջ պատասխան է հնչեցնում։

Ամբողջ Եվրոպան մարտի կեսերից սկսած փոթորկվում է պարարտանյութերի թանկանալու պատճառով. Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Բելգիա՝ ամենուր գյուղացի-ֆերմերները բառիս բուն իմաստով լցվել են փողոցները, ճանապարհներ են փակում, ուլտիմատում ներկայացնում կառավարություններին՝ պահանջելով սուբսիդավորված մատչելի պարարտանյութով ապահովել իրենց: Մեզանում նույն ընթացքում կառավարության հանձնարարականով դեռ մարտի սկզբներին գյուղացուց գումարներ են հավաքում, որ հավաքվածին համապատասխան կառավարությունն էլ սուբսիդավորում իրականացնի, ու պարարտանյութ ներկրվի։ Մի ամիս անց, բացարձակապես ոչինչ չարած, որոշ պնդումներով՝ այդ փողերը ինչ-որ տեղեր շրջանառության մեջ դրած, վերադարձնում են առանց որևէ պարզաբանման։ Անհասկանալի պատճառներով սուբսիդավորման գործընթացը ձախողվել է։

Սովետմիության օրոք հանրապետությունում ոռոգման ջուրը գյուղերին տրվում էր ամենաուշը մարտի 10-ին։ Անկախության տարիներին՝ ապրիլի 1-ին։ Ապրիլի 8-ին կառավարությունում «քննարկում են» գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր, ու ոչ մի խոսք այն մասին, որ ոչ միայն ոռոգման ջուրը չի մատակարարվել, ինչի հետևանքով հանրապետությունում այս օրերին տնկված հարյուրավոր հա-ներով պտղատու այգիները ջրվել են բառիս բուն իմաստով դույլերով, տարբեր տարաներով, բաքերով, մարդատար ու բեռնատար մեքենաներով կրելով, մյուս կողմից էլ՝ ջուր չլինելու պատճառով մինչ օրս մարդիկ չեն կարողանում բազմամյա խոտաբույսերի ցանք իրականացնել։ Ցավոք, ոչ միայն ջրի պատճառով։ Մեզանում մշակվող որոշ բազմամյա խոտաբույսերի սերմեր ևս չեն ճարվում հանրապետությունում։ Բայց դա իշխանությունների համար հարցի անհետաքրքիր կողմն է։

Ապրիլի 11-ի դրությամբ ամբողջ հանրապետությունում 20 հազար կմ-անոց ոռոգման համակարգից անգամ 20 կմ ջրատար չի մաքրվել։ Առաջիկայում մեկ օրով կամ մի քանի ժամով ջրատարներում ջուր բաց կթողնեն, որը, քշելով աշնանից մնացած աղբը, տարբեր հատվածներում խցանումներ կառաջացնի, որոնք էլ մեկ-երկու օրում կմաքրեն, ու դրա դիմաց հարյուր միլիոնավոր դրամներ դուրս կգրվեն «ոռոգման համակարգերի մաքրում» տողով։ Ժամանակին, ըստ Փաշինյանի, այս համակարգում փողերը լափում էին, նաև այս մեխանիզմով։ Բայց, ի տարբերություն սրանց, այն ժամանակ դա արվում էր մարտի կեսերին, ու ժամանակին ջուր էին տալիս։ Եվ ի տարբերություն սրանց, նրանք պրոֆեսիոնալ էին, գիտեին երբ, ինչ քանակով ջուրը տալ ու խցանումները որտեղ սպասել։ Քանի որ հիմա արդեն նախկիններից մարդ չեն թողել, ամեն ինչ արվում է անպատասխանատու ու թափթփված ձևով։

Մի շարք գործոնների արդյունքում մինչև 2020թ.-ի գարնանը վարուցանքի մեխանիզացիոն աշխատանքները որոշակիորեն էժանացել էին։ Տեղեր կային, որ 1 հա-ի վարի գինը նվազել էր մինչև 30-35 հազար դրամ։ Այս օրերին 1 հա-ն վարում են 60-70 հազար դրամով։

Եվ այս իրավիճակում կառավարությունում քննարկում են պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի, ոռոգման համակարգի վիճակի վերաբերյալ հարցեր։ Ու գյուղացուն, ժողովրդին՝ ոչ մի խոսք, թե ինչ եզրահանգումների են եկել, ինչ սպասել՝ ջուր, պարարտանյութ, վառելիք երբևիցե կլինեն, թե ոչ։ Իսկ գյուղացին ով է, որ իրենք պետք է սրան զեկուցեն, թե ինչ կլինի։ Շատ էլ որ ասեցին՝ երեք միլիոն վարչապետ։ Գյուղացին իսպանացին է, իտալացին, բելգիացին, որ իրենց իրավունքների շրջանակներում «խեղդում է» իրենց կառավարություններին, պահանջում իրենց հասանելիքը։ Հայաստանի գյուղացին, նրանցից տասնապատիկ, հարյուրապատիկ վատ վիճակում գտնվելով հանդերձ, այս օրերին կոկորդիլոս է ընտրում։ Ուրեմն կառավարությունը կարող է ոչ միայն գյուղին ու գյուղատնտեսությանը վերաբերող հարցերն ընդամենը ձևական կողմը պահելու նպատակով քննարկել ու ոչ միայն ապրիլի կեսերին, այլև կարող է ընդհանրապես չքննարկել։ Որովհետև հատկապես գյուղացիներին սիրելի այս կառավարության համար սրանք ընդամենը գլխաքանակ են, կոկորդիլոս ընտրողներ ու ոչ երբեք իրենց իրավունքի հարկն իմացող «քաղաքացիներ»։

Վարդան Մսրյան

Ամենից շատ դիտված