Ճապոնիան ընդլայնում է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ
copy image url

Ճապոնիան ընդլայնում է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

Արտաքին 3 տարի առաջ - 14:57 08-04-2022
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ իշխանությունները նախատեսում են նվազեցնել Ռուսաստանի Դաշնությունից ածխի ներկրման ծավալը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել մոտ 20 ռուսական կազմակերպությունների դեմ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովաստի»-ն։

Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շուտով կարող են ընդլայնվել։

«Մենք մտադիր ենք ապագայում ամբողջությամբ հրաժարվել ռուսական ածխի ներկրումից։ Հնարավորինս կարճ ժամկետում այլընտրանքներ ապահովելով՝ մենք զգալիորեն կկրճատենք ներմուծումը և էներգետիկ ոլորտում կնվազեցնենք կախվածությունը Ռուսաստանից»,- պարզաբանել է Կիսիդան։

Բացի դրանից, Ճապոնիան իր պատժամիջոցների ցուցակում կներառի խոշորագույն «Սբերբանկին» և «Ալֆա-բանկին»:

«Պատժամիջոցներ են սահմանվում շուրջ 20 կազմակերպությունների դեմ, որոնք կապված են ռազմական ոլորտի հետ, ինչպես նաև մոտ 400 ֆիզիկական անձանց դեմ, այդ թվում՝ զինծառայողների և պատգամավորների»,- ասել է վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ։

Արգելք է սահմանվում նաև Ռուսաստանում նոր ներդրումների, ինչպես նաև երկրից մի քանի տեսակի փայտի, մեքենասարքավորման և օղու ներմուծման համար։

Ամենից շատ դիտված