Նամակ ունեի փոխանցելու, այնպես չէ, որ ինձ այս խնջույքը, ուտել-խմելն էր հետաքրքիր. զոհված զինվորների մայր

Ներքին 3 տարի առաջ - 19:19 07-04-2022
44-օրյա պատերազմում 2 որդի կորցրած տիկին Նարինեն այսօր լրագրողնեի հետ զրույցում ասաց, որ Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը եկել է իր որդու հասանելիք գումարը ստանալու համար.

«Այսօրվա հրավերի համար թաղապետարանից էին զանգել, ես սկզբից մերժեցի, չէի ուզում գալ, բայց մի հնարավորություն ունեի՝ Աննա Հակոբյանին նամակ ունեի փոխանցելու, որը արդեն տարիուկես է՝ չէի կարողանում փոխանցել իրեն ու Նիկոլ Փաշինյանին։ Այնպես չէ, որ ինձ այս խնջույքը, ուտել-խմելը կամ երաժշտությունն էր հետաքրքիր։ Ես եկել եմ իմ նամակը տեղ հասցնեմ, որ իմ որդին 3 տարի «Ես եմ» ծրագրով ծառայել է, ու իր հասանելիք գումարը չեն տվել։ 3 տարի ծառայել է, երկու ամիս էր մնացել, չեն տվել այդ գումարը: ՊՆ-ն ասում է՝ 2 ամիս կիսատ է մնացել, բայց իրենք սպանել են երեխուն։ Հենց դրա համար էի եկել, որ իմ նամակը տեղ հասնի, քանի որ ուրիշ հնարավորություն չունենք, մնացածը ինձ հետաքրքիր չէ։ Այստեղ Հայաստանի բոլոր մարզերից կային, Երևանի բոլոր թաղամասերից էլ կային, բայց մարդիկ չէին եկել ուրախանալու, ապրիլի 7 նշելու, ամեն մեկն իր խնդիրն ուներ, որ եկել էր, հենց Աննա Հակոբյանի կամ իր ամուսնու հետ կապված։ Ամեն մեկը եկել էր իր հարցերը լուծելու, մարդ կա՝ բնակարանի հարցով, իմ հարցը ես ասացի՝ իմ երեխայի հասանելիք գումարն է, որ չեն տալիս։ Հենց այդ գումարի համար է գնացել ինքը զոհվել, այդ փողը այդքան կարևոր չէ, բայց ես ստանալու եմ։ Ինձ էլ երևի միայն Նիկոլ Փաշինյանը կարող է օգնել կամ Աննան»:

Իսկ այն հարցին, թե մուտքը ինչպես էր կազմակերպված, տիկին Նարինեն պատասխանեց.

«Այստեղ եկել ենք ժամը 1-ին, բայց ոնց որ 2-ին են ներս թողել։ Մուտքին էլ անձնագրերը, հեռախոսները հավաքել են, նոր մտել ենք ներս։ Չգիտեմ ինչով էր պայմանավորված, երևի անվտանգության համար, կամ որ ինչ-որ բան չնկարեն։ Մենք էլ մի քանի օր է՝ գնում ենք ՊՆ, ներս չեն թողնում, Նիկոլ Փաշինյանի մոտ չեն թողնում միլիցիաները, դրա համար մի հնարավորություն ունեինք՝ որ այստեղ գայի»,- ասաց զոհվածների մայրը։


Ամենից շատ դիտված