Հայաստանում օրեցօր մեծանում են պարենային խնդիրները, ընդհանուր թանկացման ֆոնին բարձրանում են նաև հացահատիկի՝ գարու և ցորենի սերմացուի գները:
Oragir.news-ը կապ հաստատեց Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի հետ՝ հարցնելով, թե այս պահին գյուղացիները ինչպե՞ս են լուծում հացահատիկի սերմացուի հարցը. «Կառավարությունից ունենք օժանդակություն դեռ միայն պարարտանյութերի մասով՝ յուրաքանչյուր մեկ պարկի համար 9000 դրամ սուբսիդիա է տրվում, իսկ սերմացուի հարցով Շիրակի մարզում կա սերմակայան, որտեղից կարող են ձեռք բերել սերմացու, բայց կառավարությունը սերմացուի համար սուբսիդիա չի տալիս»:
Տուֆաշեն համայնքի ղեկավար Արտակ Եգորյանն էլ ասաց, որ կառավարությունը օժանդակել է միայն պարարտանյութի հարցով, իսկ այն հարցին, թե այս պահին ունե՞ն սերմացուի խնդիր, մի փոքր մտածելուց հետո պատասխանեց՝ երևի ոչ: Արմավիրի մարզի Ամասիայի համայնքապետ Գարիկ Ավդալյանը ասաց. «Կառավարության կողմից ոչ մի օժանդակություն չկա: Ամեն մեկը իր գլխի ճարը տեսել է, էստեղից-էնտեղից առել են, ամեն մեկը մի գնով առել է. մեկը՝ 180 դրամով, մյուսը՝ 250»: Նույն մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանն էլ նշեց՝ իրենց գյուղի եղանակային պայմաններում դեռ շատ շուտ է գարնանացանի մասին խոսելը. «Մենք նախնական հայտերը ուղարկել ենք նախարարություն, քննարկման փուլում է, թանկացման միտում դեռ չկա, բայց մեզ մոտ դեռ շուտ է գարնանացանից խոսելը»:
Զրուցեցինք նաև Արթիկի շրջանի Անուշավան համայնքից Սուրեն Նազարյանի հետ, ով ունի փոքր հողատարածքներ, սակայն դժվարանում է պատասխանել՝ կկարողանա՞ այս տարի մշակել դրանք, թե՞ ոչ: «Ես ամեն տարի գարի-ցորեն եմ ցանել, բայց այս տարի դեռ չգիտեմ՝ կկարողանա՞մ սերմացու առնել, թե՞ ոչ: Դեռ ձյունը չի հալել էստեղ, բայց մարդիկ շտապում են սերմացու առնել, որ ավելի չթանկանա: Ես իմ անցած տարվա սերմացուն վաճառել եմ, մտածում եմ՝ այս տարի ավելի լավ կլինի ուրիշ բան ցանել»: Հարցին՝ հիմա ի՞նչ արժե 1 կգ ցորենը, Նազարանը երկմտելով պատասխանեց. «Կոնկրետ հիմա չգիտեմ, հնարավոր է՝ էլի փոխված լինի գինը, բայց որ որակյալ սերմացուն 350-ից ավելի է՝ հաստատ, իսկ գարին 250-300-ի է հասել»: Շիրազի մարզի մեկ այլ բնակիչ՝ Կառլեն Հակոբյանը, անցած տարվանից պահած սերմացու ունի, ասաց, որ միայն իր հողերը մշակելու համար կհերիքի, նաև կանխատեսեց, որ այս տարի ցորենն ավելի կթանկանա, դրա համար էլ անպայման ցանելու է: «Այն մարդիկ, ովքեր ցորեն կամ գարի ցանելու թեկուզ մի փոքր հնարավորություն ունեն, հաստատ կցանեն, որովհետև այս տարի լավ թանկ է լինելու հացահատիկը, բացի դրանից, հիմա մեր երկիրը զրկված է Ռուսաստանից ներկրումներից, և ինչքան շատ մարդ ցանի հացահատիկ, այնքան լավ»:
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից Պարգև Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղում ցորեն այսօր շատ քիչ է եղել, եղածն էլ 350 դրամից պակաս չի արժեցել, իսկ գարին 300 դրամ է եղել: «Ոսկե Արծիվ» ՍՊԸ-ից, որը զբաղվում է ցորենի ներկրմամբ, մեզ հայտնեցին, որ այս պահին ներկրում հնարավոր չէ անել: «Ռուսաստանից ոչ մեկն էլ չի կարող ցորեն բերել այս պահին, բոլոր ճանապարհները փակ են, թանկացրել են այն պաշարները, որ այս պահին կա երկրում»:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ձմռանն այցելել էր Շիրակի մարզ, որտեղ անարդյունավետ էր համարել ցորենի և գարու սուբսիդավորումը, իսկ կառավարության նիստում մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր բոլոր գյուղացիներին մշակել իրենց հողերը, ազատ հողատարածք չթողնել:
Անահիտ Սվարյան