Հայկական կողմի առաջին նախապայմանը պետք է վերաբերեր գերիների վերադարձին․ 5165-ի ասուլիսը

Ներքին 3 տարի առաջ - 18:10 16-03-2022
«Այսօրվա իշխանությունն անտեսում է Արցախի հիմնախնդիրը՝ մոռացության մատնելով այն։ Արթնանում է միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակվում է Արցախի գյուղերի վրա, կամ ՀՀ տարածքից ևս մի կտոր է ուզում կորզել», - 5165 շարժման ասուլիսում ասաց շարժման հիմնադիր անդամ Հովհաննես Ղազարյանը։

5165 շարժման դիրքորոշումները, որն ասուլիսում ներկայացնում են շարժման հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը և Հովհաննես Ղազարյանը Արցախի հարցի կարգավորման վերջին վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ էին, ինչպես նաև հանրությանն իրազեկելու ընթացիկ վտանգավոր գործընթացների իրենց գնահատականները։

«Պաշտոնական Երևանի արտահայտած դիրքորոշումները է՛լ ավելի են հիմնավորում մեր մտավախություններն առ այն, որ գործող իշխանությունները Արցախի հարցը մտցնում են մի վտանգավոր փուլ, որտեղ անտեսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը, և որը հղի է անդառնալի հետևանքներով», - ասաց շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։

Շարժման անդամների համոզմամբ, Ադրբեջանն ամեն բան անում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար, իսկ իրենց գնահատմամբ, Արցախի հարցը չի կարող կարգավորվել առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հնարավորության։ Անդրադառնալով ԱԳՆ պատասխանին՝ ասացին, որ դրա մեջ չկար այն միտքը, որ մեզ համար անընդունելի են այս պայմանները, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր արտաքին քաղաքականության պատասխանատուներն են ոչ միայն գործադիրում, այլև օրենսդիրում, անում են հայտարարություններ, որոնց հետևանքով ինքնորոշման իրավունքը դուրս է մնալու բանակցային գործընթացից. «Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմը դա չի նշում որպես կարմիր գիծ»։

Ղազարյանը խոսեց Ադրբեջանի կողմից առաջարկվող նախապայմանների մասին. «Մի կողմից Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում, մյուս կողմից հայկական կողմն ասում է, որ պատրաստ է առանց նախապայմանների գործընթաց սկսել, ինչն աբսուրդ է, քանի որ հայկական կողմի առաջին նախապայմանը պետք է վերաբերեր գերիների վերադարձին»։

Շարժման անդամների խոսքով, ստեղծվել է պատրանք՝ խաղաղության դարաշրջանի մասին։
Հարցին, թե իշխանությունների կողմից Արցախի վերաբերյալ արվող հայտարարություններին ի պատասխան ի՞նչ է անելու 5165 շարժումը, Սաղոմոնյանը պատասխանեց, որ առաջարկում են, որ գործող իշխանությունները հայտարարեն և հանրությանն ասեն, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է դրվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում, և ոչ թե պետք է առանց նախապայմանների մոտենան կարգավորման հարցին, այլ պահանջեն , որ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից դուրս գան։

Սողոմոնյանն ասաց, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ սա ոչ թե տարածքային կամ ժողովրդի ինքնորոշման , այլ մարդկանց իրավունքների խնդիր է , այսինքն մարդու իրավունքների և սոցիալական հարցերի փաթեթով են փորձում խնդրին լուծում տալ։
«Մեզ զայրացնում է հանրային անտարբերության վիճակը, մեր նպատակը հանրային ներքին պահանջ գեներացնելն է, որպեսզի քաղաքացիները պետությունից պահանջեն զբաղվել իրենց անվտանգային հարցերով»․

Անդրադառնալով Արցախում բնակիչների գազամատակարարում չունենալու խնդրին, Սողոմոնյանն ասաց, որ մեր իշխանություններին դա չի հուզում. «Մեր իշխանությունները չեն ցանկանում վերցնել հեռախոսը և զանգեն՝ ում պետք է, իսկ ռազմական սադրանքները շարունակվում են ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սուվերեն տարածքում, և մինչ այժմ չունենք կահավորված դիրքեր»։

Խոսելով նախագահի ընտրության մասին՝ Սողոմոնյանն ասաց, որ միայն Էդգար Ղազարյանն է բարձրացրել մի շարք խնդրահարույց հարցեր, իսկ խորհրդարանական ընդդիմությունն իր լռությամբ չլեգիտիմացրեց նախագահին։
«Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը լեզվի վրա գոյություն ունեցող իրականություն է, և այն վերաբերում է ցանկացած հարցի»։

Սողոմոնյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իշխանափոխության համար կանեն հանրահավաքներ, ասաց, որ ոչինչ չեն բացառում, հնարավոր է, պարզապես որոշակի նախապատրաստական աշխատանքներ պետք է արվեն, իսկ իրենք այժմ այցելում են մարզեր և հանդիպում սոցիալական սեգմենտների հետ։


Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված