Այսօր Մարիուպոլի խաղաղ բնակիչների տարհանման «կանաչ միջանցքը» վերջապես հաջողությամբ աշխատում է։ Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոյի տվյալներով՝ ավելի քան 50 մասնավոր մեքենաներ արդեն կարողացել են դուրս գալ քաղաքից։
«Ժամը 13.00-ի դրությամբ մենք փաստացի հաստատում ենք մարդասիրական միջանցքի ուղղությամբ լռության ռեժիմի դե ֆակտո պահպանումը՝ Մարիուպոլի երթուղու երկայնքով մասնավոր տրանսպորտի համար... Այս պահի դրությամբ անցակետերի անցումը խնդիրներ չի առաջացնում»,- նշել է Անդրյուշչենկոն։
Նա ընդգծել է, որ տեղական իշխանությունները չեն կարող պաշտոնապես երաշխավորել անվտանգությունն այս միջանցքի ուղղությամբ: «Բայց սա միակ միջանցքն է, որն ունի պաշտոնական համաձայնեցում, և որն այսօր իրականում աշխատում է»,- հավելել է պաշտոնյան։
Վերջին մի քանի օրերին Մարիուպոլը փաստացի արգելափակված է եղել ինչպես տարհանման, այնպես էլ մարդասիրական բեռների համար։