Ռուսաստանն ու Ուկրաինան, շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին, բանակցություններում գնում են դեպի փոխզիջում։ Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով, ռուսական կողմն իրավիճակը «շատ ավելի ադեկվատ» է գնահատում, քան նախկինում։ Բանակցություններն անընդմեջ շարունակվում են տեսաձևաչափով, ասել է Պոդոլյակը։ Նա նաև նշել է, որ բանակցային գործընթացի շրջանակում աշխատանքային խմբեր են ստեղծվել։ Հերթական՝ չորրորդ դեմ առ դեմ հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։
«Բանակցությունների սեղանին տարբեր առաջարկներ են, դրանք շատ են, տասնյակ առաջարկներ կան, այդ թվում՝ քաղաքական և, որ ամենակարևորն է, ռազմական կարգավորման վերաբերյալ: Ես նկատի ունեմ կրակի դադարեցումը, կրակի դադարեցման բանաձևը և զորքերի դուրսբերումը»,- ասել է Պոդոլյակը։
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ բանակցություններն ավելի բովանդակալից են դարձել։ «Ուկրաինացիների և ՌԴ ներկայացուցիչների խումբը այս կամ այն հարցեր է քննարկում, նրանք սկսել են խոսել ինչ-որ բանի մասին, այլ ոչ թե վերջնագրեր ներկայացնել»,- ասել է Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։