Այն, ինչ դուք անում եք, շատ անշնորհք վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ. Արթուր Խաչատրյան

Ներքին 3 տարի առաջ - 13:39 09-03-2022
ԱԺ-ում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ասաց, որ հարցը քննարկելու ժամանակ կառավարության նիստում ինչո՞ւ է շրջանցվել ԱԺ տնտեսական հանձնաժողովը.

«Առաջարկում եմ այս օրենքի նախագիծը հետ ուղարկել Կառավարություն, որովհետև ԵԱՏՄ շրջանակներում էկոնոմիկայի նախարարությունը հրահանգ է ստացել, համաձայն որի՝ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի շրջանակներում կան հստակ ֆիքսված դրույթներ նախագծի վերաբերյալ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց, որ նախագիծը ոչ կարևոր է, ոչ էլ հրատապ. «Ժամանակին կառավարման թրեյնինգի չե՞ք մասնակցել, այս հարցը հրատապ չէ, ոչ թե ասեք՝ վայ, եթե էս հարցը չքննարկենք, հետո ուշ կլինի։ Այն, ինչ դուք անում եք, շատ անշնորհք վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ եթե նախագիծը հրատապ է, ուրեմն ենթադրվում է, որ կարող են լինել դեպքեր, որ ավելի շուտ հնարավոր չլինի այդ պրոցեսը կազմակերպել.

«Խնդիրը լուծելու անհրաժեշտությունը ծագել է այն ժամանակ, երբ եղել են որոշակի ընթացակարգեր, մենք ունենք ժամկետի խնդիր, և հրատապությունն արդարացված է։ Ես էլ եմ համաձայն, որ պետք է ցանկացած նախագիծ մաքսիմալ շատ քննարկվի ԱԺ-ում»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ նախագծի հրատապության անհրաժեշտություն կար և հավելեց, որ այդ նախագիծն ուղղված է ծխելու դեմ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված