ԵՄ իշխանությունները Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը դիտարկում են որպես համաագրեսոր պատերազմում, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայի դեմ։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որն արվել է Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը։
«Ուկրաինայի դեմ նախագահ Պուտինի լայնածավալ պատերազմը միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է ու խաթարում է եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը։ Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատմական բանաձևը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը միաձայն արտահայտվում է Ռուսաստանի զավթողական պատերազմի դեմ: Ռուսաստանը՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմի մասնակցությամբ՝ որպես համաագրեսորի, կրում է մարդկային զոհերի, վիրավորների և ավերածությունների ամբողջ պատասխանատվությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Եվրամիությունը Ռուսաստանից նաև պահանջել է «անհապաղ դադարեցնել իր ռազմական գործողությունները, դուրս բերել իր բոլոր զորքերը Ուկրաինայի ողջ տարածքից և լիովին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և տարածքային ջրերում» և «դադարեցնել ապատեղեկատվության իր արշավը և կիբերհարձակումները»:
«Մենք նաև կրկնում ենք մեր կոչը Բելառուսին՝ չաջակցել ռուսական ագրեսիային և հետևել իր միջազգային պարտավորություններին։ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը, ինչպես նաև Ուկրաինայի Զինված ուժերի ջանքերը՝ պաշտպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և բնակչությանը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ։