Մարիուպոլում, որը գտնվում է ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ, տեղական ժամանակով ժամը 12։00-ից կսկսվի խաղաղ բնակչության տարհանումը, հաղորդել է Դոնեցկի շրջանային ռազմա-քաղաքացիական վարչության ղեկավար Պավել Կիրիլենկոն։
Հումանիտար միջանցքը կհասնի մինչև Զապորոժիե՝ ձգվելով մի քանի քաղաքներով ու ավաններով։ Տարհանումը կիրականացվի երեք կետից՝ ավտոբուսներով, հնարավոր կլինի մեկնել նաև անձնական տրանսպորտով՝ շարասյան կազմում։
«Շարասյունը կշարժվի Կարմիր խաչի ուղեկցությամբ,- գրել է Կիրիլենկոն իր Telegram-ալիքում։- Քաղաքից հեռացող բոլոր վարորդներին խնդրում ենք հնարավորինս նպաստել խաղաղ բնակչության տարհանմանը. ձեզ հետ վերցրեք մարդկանց, առավելագույնս ծանրաբեռնեք տրանսպորտը»։