Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստ այդպես էլ չկայացավ։
Oragir.news-ի հետ զրույցում Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը ասաց, որ դատարանը տեխնիկական բոլոր հնարավորությունները կիրառում է, որպեսզի դատական նիստերը հետաձգի։ Պաշտպանը հավելեց՝ նորմալ է, որ դատավարության որևէ մասնակից չներկայանա դատական նիստին, բայց նորմալ չէ, որ նախորդ անգամ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստը հետ շպրտեց երկու ամսով, իսկ այս անգամ մեկ ամսով։
«Վերջին դատական նիստը, տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, և ստացվում է այնպես, որ Վերմիշյանը 5-6 ամիս առանց որևէ դատավարության գտնվում է կալանքի տակ, ինչը անթույլատրելի է։ Նման երկրորդ դատական գործ ինձ հայտնի չէ, որ անձը 6 ամիս լինի կալանավորման տակ, և սա խոսում է մի բանի մասին, որ Վերմիշյանը քաղբանտարկյալ էլ չէ, քանի որ քաղբանտարկյալի նկատմամբ ինչ-որ ֆորմալ ընթացակարգեր իրականացնում են։ Վահագն Վերմիշյանը պատանդի կարգավիճակով գտնվում է Նուբարաշենում, քանի որ առանց դատի, դատավարության գտնվում է կալանքի տակ։ Մենք տեղեկացանք, որ հաջորդ դատական նիստը 1 ամսից է, նշանակվել է մարտի 23-ին, և ես չեմ կարող ասել այն տեղի կունենա, թե՝ ոչ։ Ինձ համար զայրացնող և տարակուսելի է այն, որ դատարանը հստակ տեղեկացված է, որ մենք ունենք գրավի միջնորդություն, որը ցանկանում էինք ներկայացնել։ Արվում է ամեն բան օրինական և անօրինական ձևերով դատական նիստերը հետաձգելու համար»,- նշեց Վահագն Վերմիշյանի պաշտպանը։