Եթե պարզվեց, որ բերման ենթարկելն անօրինական է, ուրեմն լրագրողի նկատմամբ հանցանք է կատարվել
copy image url

Եթե պարզվեց, որ բերման ենթարկելն անօրինական է, ուրեմն լրագրողի նկատմամբ հանցանք է կատարվել

Ներքին 3 տարի առաջ - 23:45 22-02-2022
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը, որը տեղի էր ունենում այսօր Մարզահամերգային համալիրում, մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ պատվիրակության կազմում ՀՀ ժամանած երկու ադրբեջանցի պատգամավորների մասնակցությունը վեհաժողովին զայրույթ էր առաջացրել և՛ հանրության, և՛ մի շարք քաղաքական գործիչների շրջանում, ինչի համար էլ մի խումբ ցուցարարներ, քաղաքական գործիչներ Մարզահամերգային համալիրի մոտ իրենց բողոքի ձայնն էին արտահայտում։

Դրանից ժամեր անց Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց էին ժամանել ադրբեջանցի պատվիրակները, ինչի համար էլ ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան էր անում, սակայն դա լուսաբանելու համար ՀՀ ոստիկանությունը խոչընդոտել է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ իրականացրած ակցիան, իսկ ցույց լուսաբանելու համար բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին: Այս պահին ոստիկանության բաժնում են ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը ու Քրիստինե Վարդանյանը: Լրագրողին իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար բերման ենթարկելը ակնհայտ հանցագործություն է և բացահայտ ճնշում ազատ խոսքի և ԶԼՄ-ների նկատմամբ:

Oragir.news-ը զրուցեց այս պահին ոստիկանական բաժանմունքում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, որն ասաց, որ իրենց միության տասնյակից ավելի անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ. «Նյութեր են նախապատրաստում խուլիգանության հոդվածով, մենք այժմ ոստիկանությունում ենք, մանրամասներին մենք էլ տեղյակ չենք, ավելի ուշ կմանրամասնեմ»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, պատասխանելով մեր այն հարցին, որ արդյո՞ք ցույց լուսաբանելու համար լրագրողին բերման ենթարկելը ակնհայտ հանցագործություն չէ՝ ասաց, որ, իհարկե, լրագրողները պաշտպանված են, իսկ ոստիկանությունը ապօրինություն է թույլ տվել, կարևորն այն է, որ լրագրողները պաշտպանված են այն դեպքում, երբ որոշակի տեսանելի ձևով կարողանում են ոստիկանության համար ընկալելի դարձնել իրենց լրագրող լինելու հանգամանքը. «Ինչպես դատեցի ոստիկանության հրապարակած տեսանյութից՝ լրագրողն ունեցել է բեյջ, որը խոչընդոտ է եղել նրան բերման ենթարկելու համար։ Կարծում եմ՝ այդ էպիզոդը ընդհանուր խայտառակ ապօրինության համապատկերում կարևոր տեղ ունի, բայց ամենախայտառակը չի, ավելի կարևոր է այն, որ անհամաչափ ուժ է կիրառվել, և առհասարակ խաղաղ ակցիայի մասնակիցներին անհասկանալի է, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկել և ձերբակալել»։

Սահմանադրագետ Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երևույթն ինքնին լրագրողի գործունեությանը միջամտություն է համարվում, պետք է հստակ իմանալ, թե ո՞րն է եղել դրա կոնկրետ նպատակը, եթե իր պարտականությունները կատարելու ընթացքում է, ապա այո, եթե պարզվեց, որ բերման ենթարկվելը անօրինական է, նշանակում է, որ լրագրողի նկատմամբ հանցանք է կատարվել 164-րդ հոդվածի հիմքով՝ խոչընդոտել լրագրողական գործունեությունը. «Այն գուցե միջամտություն է, գուցե ճնշում, չգիտեմ, բայց եթե պարզվի, որ հիմքեր չեն եղել, ու երեք ժամից ազատվի, քանի որ դա անօրինական է, նշանակում է՝ այստեղ աշխատում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը, որն իրենից ենթադրում է՝ խոչընդոտել լրագրողական աշխատանքին»։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով բողոքի ակցիա լուսաբանելու համար ոստիկանության բաժանմունքում գտնվող լրագրողին՝ ասաց․ «Ես լայվից ծանոթացա այդ դեպքին, հասկանալի է, որ իշխանությունն ամեն կերպ իրենց պաշտպանության տակ է առել այդ երկու պատգամավորներին, որոնք իրենց թույլ են տվել մեր երկրի շահերի դեմ շատ նվաստացուցիչ և գռեհիկ հայտարարություններ անել։ Ինքներդ տեսնում եք, թե ինչ ալեկոծված է հասարակությունը՝ քննարկելով այն հանգամանքը, թե ինչու պետք է Համալիր գնային, կամ առհասարակ ՀՀ գային, բայց որ կարող են մեր լրագրողների աշխատանքը խոչընդոտել, որոնք, չեմ կարծում, որ հարվածում են գործը, այլ իրենց աշխատանքն են իրականացնում, դա անթույլատրելի է։ Ամբողջ պետական համակարգը լծված է ադրբեջանցի պատգամավորների պաշտպանությամբ, իսկ հիմա չգիտենք, թե ինչ քայլեր կձեռնարկեն դրա վերաբերյալ, հիմա կապվում եմ մնացածի հետ, հասկանանք, թե ինչ կարելի է անել։ Երկու օր է՝ այս իրավիճակն է, ու ֆիքսել եմ, որ ամբողջ պետական համակարգը նրանց պաշտպանությունն ու անվտանգությունն է ամեն կերպ փորձում ապահովել, բնականաբար սպասելի էր, որ այսպիսի ռեակցիա կլինի, ու վատ կլիներ, որ մեր հասարակության կողմից այս ռեակցիան չլիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան մարդ է հիմա վիրավորված, ու ծանր ապրումներ ունեն, էլ չեմ խոսում զոհերի հարազատների մասին, մանավանդ որ դիտավորություն եմ տեսնում Ադրբեջանի կողմից՝ թե ինչո՞ւ է հենց նրանց գործուղել, ովքեր շատ գռեհիկ և վիրավորական հայտարարություններ են արել՝ աղ լցնելով բոլորիս բաց վերքին՝ ասելով, որ պատերազմից հետո բանակը ոչնչացված է։ Ու նման հայտարարությունից հետո անբնական կլիներ, որ հասարակությունը չընդվզեր» ։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված