Արցախի ԱԺ-ն կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Այս մասին ասված է Արցախի վերածննդի օրվան նվիրված հայտարարության մեջ, որն այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ Արցախի վերածննդի օրը փետրվարի 20-ին է։ 1988-ի այդ օրը ԼՂԻՄ մարզխորհուրդն ընդունեց Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու որոշում: Արցախի ԱԺ-ն իր արտահերթ նիստի ժամանակ այսօր 30 կողմ ձայնով ընդունեց Արցախի վերածննդի օրվան նվիրված հայտարարությունը։
«Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդն Արցախի ազատության և անկախության համար մղված պայքարում։ Արցախի Հանրապետությունը հիմա էլ կա և շարունակում է իր պայքարը միջազգային ճանաչման հասնելու համար»,- հայտարարության տեքստը ներկայացրեց Գեղամ Ստեփանյանը։
Նա հավելեց, որ Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հավատարմությունը 1988-ի փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությանը` պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը։
Արցախի ԱԺ-ն միջազգային շահագրգիռ կառույցների, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու համար, ստեղծել է նյութական և մշակութային արժեքներ։ Դրանք այսօր վտանգված են Ադրբեջանի կողմից Արցախի որոշ տարածքների բռնազավթման արդյունքում։