ԱՄՆ Պետդեպարտամենտը Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպան Բարտ Գորմանի արտաքսումն անվանել է էսկալացիայի քայլ։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 17-ին, հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը CNN-ին տված մեկնաբանությունում։
«Մենք կարող ենք հաստատել, որ Ռուսաստանը արտաքսել է Ռուսաստանում ԱՄՆ փոխդեսպան Բարտ Գորմանին: Գորմանը դեսպանից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան էր Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը և դեսպանատան բարձրագույն ղեկավարության թիմի առանցքային անդամը», - ասել է նա:
Պետքարտուղարությունում նշել են, որ դիտարկում են իրենց պատասխանը։
«Մեր դիվանագետի նկատմամբ Ռուսաստանի գործողություններն անհիմն էին, և մենք սա համարում ենք էսկալացիոն քայլ և դիտարկում ենք մեր պատասխանը»,- ասել է խոսնակը։
Նա հավելել է, որ Գորմանի պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել, նա վավեր վիզա ունի և երեք տարուց էլ քիչ ժամանակ է, ինչ Ռուսաստանում է։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել ամերիկյան դիվանագետների և անձնակազմի անհիմն արտաքսումը և արդյունավետ աշխատել մեր առաքելությունները վերականգնելու ուղղությամբ»,- ասել է խոսնակը։
Նա նաև ընդգծել է, որ այժմ առավել քան երբևէ կարևոր է, որ երկու երկրներն ունենան անհրաժեշտ դիվանագիտական անձնակազմ՝ կառավարությունների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար։