ԵԱՀԿ-ն առաջարկել է Մինսկի ձեւաչափի Եռյակի հանդիպում անցկացնել Թուրքիայում, եթե բոլոր կողմերը համաձայնվեն։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«ԵԱՀԿ-ն առաջարկել է Եռյակի հանդիպումը Մինսկի ձևաչափով Թուրքիայում անցկացնել։ Մենք ասացինք, որ սիրով կընդունենք, եթե բոլոր կողմերը համաձայնվեն։ Մենք Մինսկի եռյակի մաս չենք, սակայն Բելառուսի և այլ երկրների միջև լարվածության պատճառով անհնար է այն անցկացնել այնտեղ»,- պարզաբանել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների խնդիրն է ապահովել մինսկյան պայմանավորվածությունների կատարումը։
Մինչ այս, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը Բեռլինում Նորմանդյան քառյակի հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Ուկրաինայի արևելյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը գտնվում է անորոշ վիճակում, և ամեն ինչ կախված է Կիևի գործողություններից։
Նորմանդական քառյակը երկրների խումբ է, որոնք փորձում են լուծում գտնել Ուկրաինայից Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անջատման խնդրին, որը տեղի է ունեցել 2014 թվականի հեղաշրջումից հետո։
Այժմ այս խմբում, բացի բուն Ուկրաինայից, ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան։ Նորմանդական քառյակի աշխատանքի արդյունքը այսպես կոչված Մինսկի համաձայնագրերն են, միջոցառումների շարքը, որոնց իրականացումը պետք է լուծի երկու շրջանների խնդիրը և նոր կարգավիճակով վերադարձնի Ուկրաինային։