Պատմությունը կրկնվում է. քաղաքապետարանում շարունակում են «կայֆեր» անելը
copy image url

Պատմությունը կրկնվում է. քաղաքապետարանում շարունակում են «կայֆեր» անելը

Միտք 3 տարի առաջ - 21:27 09-02-2022

Երևանի ձևական քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որին երևանցիների 99%-ը չի ճանաչում, դժգոհել է, թե քաղաքապետարանի վարչությունների աշխատակիցներից ոմանք ժամը 9-ին գալիս են, 6-ին գնում, սուրճ են խմում ու բամբասում: «Ես դա չեմ հանդուրժելու… աշխատանքի ժամին մարդիկ նկարները «սթորի» են գցում։ Հարկատուները մեզ փող չեն տալիս, որ աշխատանքի ժամին «սթորի» գցենք»,-հանկարծ հարկատուներին է հիշել ՔՊ-ի նշանակած արարողակարգային քաղաքապետը:

Նա հավանաբար չի հիշում, որ այսօրվա քաղաքապետարանում մեծամասնությունն աշխատանքի է անցել «թավշյա» իշխանության գալուց հետո: Մարդիկ տեղավորել են իրենց հնարավոր բոլոր ծանոթներին ու բարեկամներին:

Ու քանի որ այս իշխանությունները տառապում են նախկինատյացության սինդրոմով, հիմա էլ նախկին դարձած Հայկ Մարությանի հետ ասոցացվող աշխատակիցներից են ուզում ազատվել, որոնցից շատերը Մարությանի հեռանալուց հետո չեն հասցրել ինչ-ինչ հետքեր մաքրել: Գործի են դրվում կոմպրոմատներ, ոմանց սպառնում են, ոմանց համար էլ ստեղծում են տհաճ մթնոլորտ, որ ինքնակամ հեռանան:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանն այս առումով երբեք կատարյալ չի եղել, հաճախ անգամ հագնվելու տարրական կանոններ չեն պահպանվել:

Տարիներ առաջ ավանդական հայացքներ ու մտածելակերպ ունեցող քաղաքապետ Երվանդ Զախարյանը, որի եկամուտները տարբեր պաշտոններ զբաղեցնելու արդյունքում աճել էին երկրաչափական պրոգրեսիայով, մի անգամ պատահաբար քաղաքապետարանի ճեմասրահում հանդիպել էր համարյա կիսամերկ կնոջ, որը, պարզվել էր, վարչության պետերից մեկի գեղեցկատես քարտուղարուհին է: Եվ նա քաղաքապետարանում միակ «անհամեստ» հագնվողը չէ:

Զախարյանը պահանջել էր կամ ազատվել նման աշխատակիցներից, կամ նրանց «հագցնել», իսկ հայտնի քարտուղարուհուն անմիջապես էին ազատել աշխատանքից:

Ինչ վերաբերում է աշխատանքի ժամին այլ բանով զբաղվելուն, Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ էլ Զարուհի Փոստանջյանն էր «բռնացրել» թղթախաղով տարված քաղաքապետարանի աշխատակիցների: Այնպես որ, պատմությունը պարուրաձև կրկնվում է, անգամ Երևանի քաղաքապետարանում:

Արեգ Արևյան

Ձեզ գուցե հետաքրքրի