«Հանրակրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված են սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը։ Իհարկե, այս օրենքը գործում է 2009 թվականից, և ներկա իշխանության հետ կապ չունի: Բայց, ցավոք, մեր հանրակրթությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հիմնված է ոչ թե խրախուսման, այլ պատժելու վրա՝ աշակերտին կարող են ցածր նշանակել, ծնող կանչել, դասարանից դուրս անել, անգամ խփել:
Օրինակ՝ Սինգապուրում արգելված չէ մարմնական պատիժը, բայց Հայաստանը, ցավոք, Սինգապուր չէ՝ ոչ միայն կրթական համակարգով: Սինգապուր թարգմանաբար նշանակում է առյուծների քաղաք, իսկ Հայաստանի ներկայիս քաղաքական տոտեմը գելխեղդն է, առյուծներն էլ Ծառուկյանի գազանանոցում են:
Ընդհանրապես Հայաստանի հանրակրթությունը երբեք աշակերտակենտրոն չի եղել, օրենսդրական փոփոխություններից հետո ոլորտն ավելի քաոտիկ կդառնա, որովհետև մինչև այժմ հստակ ձևակերպված չէ, թե երկիրն ինչ է ուզում ուսուցչից, դպրոցից ու վաղվա քաղաքացի աշակերտից:
Կարևորը՝ ԿԳՄՍ պաշտոնյաները գեղեցիկ ներկայացնում են օրենսդրական փոփոխությունները, որոնց իրագործվելու արդյունքում անդեմ աշխարհաքաղաքացի է ձևավորվելու, ուսուցիչների մի մասը դառնալու է «էլիտար», մի ստվար հատվածն էլ՝ ռուսերեն բառով՝ обиженник:
Արեգ Արևյան