1994թ․-ից հետո ամենամեծ արտագաղթը Հայաստանից
copy image url

1994թ․-ից հետո ամենամեծ արտագաղթը Հայաստանից

Միտք 3 տարի առաջ - 23:17 08-02-2022

Իմքայլականները վերջին 3 տարիներին իրենց հաղթաթղթերից մեկն էլ այն էին համարում, որ իրենց կողմից իշխանությունը վերցնելուց հետո ՀՀ-ից արտագաղթը դադարել է, ավելին՝ մեկնողների ու վերադարձողների դրական հաշվեկշիռ, նույնն է թե ներգաղթ ունենք։ Պնդում էին, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում սա աննախադեպ երևույթ է։ Ինչպես մի շարք դեպքերում, սա էլ իրականությանը չէր համապատասխանում այն պարզ պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ընթացքում, մասնավորապես 2004-2006 թվականներին Հայաստան են ներգաղթել համապատասխանաբար․ 2․100, 12․500 և 21․700 մարդ։ Ինչ վերաբերում է քայլարածների կառավարման տարիներին, իրոք, 2018թ․-ին ՀՀ-ից մեկնող ու ժամանողների թվի դրական տարբերությունը կազմել է 15․3 հազար մարդ, 2019թ․-ին՝ 10․5 և 2020թ․-ին՝ 12 հազար մարդ։ Այստեղ անպայման պետք է նշել, որ հատկապես 2020թ․-ի վերաբերող թվերի վրա էապես ազդել է աշխարհում ստեղծված կորոնավիրուսային ճգնաժամային վիճակն այն առումով, որ 2019թ․-ին հատկապես ՌԴ-ից Հայաստան վերադարձած, արտագնա աշխատանքի մեկնածները 2020թ․-ին այլևս չկարողացան հեռանալ Հայաստանից։ Ինչը, սակայն, ակտիվորեն արեցին 2021թ․-ի գարնանը։ 2021թ․ մայիսին արդեն Հայաստանից մեկնող ու Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմում էր 88․ 854 մարդ։ Տարեկեսից սկսած՝ մասնագիտական և քաղաքական շրջանակները լուրջ մտահոգություն ունեին ստեղծված իրավիճակով, քանի որ անկախության ամբողջ ընթացքում 5 ամսվա հաշվով նման ցուցանիշ չէր արձանագրվել։ Մասնագիտական վերլուծությունները ցույց էին տալիս, որ ամբողջ տարվա հաշվով բացասական հաշվեկշիռը անցնելու է 100 հազարի սահմանագիծը։ Իհարկե, կար որոշակիորեն հուսադրող հանգամանք այն առումով, որ արտագնա աշխատանքի մեկնածների մի մասը, տարեվերջին վերադառնալով, կմեղմի իրավիճակը։

Եվ ահա հրապարակվել են երկրի ժողովրդագրական իրավիճակին վերաբերող թվերը, հիմքում ունենալով ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի
և ելքերի սահմանային գրանցումների վիճակագրությունը։ Համաձայն ամփոփ վիճակագրության՝ 2021թ․-ին ՀՀ սահմանային 9 անցակետերով հանրապետության տարածք է մուտք գործել 1 մլն 629 հազար 891 մարդ։ Սրանց թվում՝ ՀՀ փաստաթղթերով, նույնն է թե ՀՀ քաղաքացի 689 հազար 221 մարդ։ Նույն 2021թ․-ին ՀՀ-ի տարածքը լքել է 1 մլն 673 հազար 765 մարդ։ Այդ թվում՝ ՀՀ փաստաթղթերով, այսինքն՝ ՀՀ քաղաքացի 762 հազար 792 մարդ։ Ժամանած ու հեռացած ՀՀ քաղաքացիների հաշվեկշիռը բացասական առումով, նույնն է թե հեռացածների թվի առումով կազմել է 73․571 մարդ։ Մինչդեռ վիճակագրության հրապարակման պահից սկսած՝ պաշտոնական լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում մանիպուլացնելով իրականությունը, գրեթե կրկնակի նվազեցնելով արտագաղթի իրական թիվը, արձանագրում են 43 հազար 874, որը ՀՀ քաղաքացիներին չի վերաբերում։ Ընդ որում՝ միայն 1992-1994 թվականներին է, որ սրանից վատ ցուցանիշ է արձանագրվել։ Սա անկախ Հայաստանի պատմության ընթացքում 4-րդ հակառեկորդն է։ Իսկ վերևում ներկայացված թվերի ճշմարտացիությունը կարելի է ստուգել ներկայացված հասցեով։

(https://www.armstat.am/file/article/sv_12_21a_520_.pdf, 5. ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ, էջ 163 )։