Երևանի քաղաքապետն առաջինն է անցել նորակառույց կամրջով` շինարարների ուղեկցությամբ

Ներքին 3 տարի առաջ - 14:45 04-02-2022

Հրազդան գետի վրա կառուցված Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

252 մ երկարությամբ և 28 մ լայնությամբ այս կամուրջը քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր բաղադրիչն է:

Նոր կամրջով շինարարների ուղեկցությամբ այսօր առաջինն անցել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհների շինարարությունն ընթանում է ամբողջ թափով: Քաղաքապետը հույս է հայտնել, որ նոր ճանապարհն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մայիսին: «Արդյունքում կունենանք մեկ ընդհանուր ճանապարհ, որը հնարավորություն կտա շրջանցել Երևանի կենտրոնական փողոցները»,- ասել է Հրաչյա Սարգսյանը:

Բաբաջանյան – Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը լինելու է 9.4 կմ, միջին լայնությունը՝ 24 մ: Այն կունենա 7 ուղեանց և 1 տրանսպորտային հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի երկարությունը 2.7 կմ է, միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող նոր ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Անընդհատ երթևեկությամբ այն կապ կհաստատի Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը նախատեսում է առաջիկայում ևս մեկ` Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատված կառուցել, որի շուրջ բանակցում է կառավարության հետ։

Քաղաքապետարանը նաև հայտնում է, որ 2022թ. –ի ընթացքում նախատեսվում է եվրոպական արտադրության ավտոբուսների ձեռքբերման նոր մրցույթ անցկացնել։

Հրաչյա Սարգսյանը հույս է հայտնել, որ բոլոր այդ ծրագրերի իրականացման արդյունքում Երևանը կդառնա մարդակենտրոն և հարմարավետ։

Ամենից շատ դիտված