Իտալական UniCredit բանկը հրաժարվել է գնել ռուսական «Открытие» բանկը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճող լարվածության պատճառով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է բանկի գլխավոր տնօրեն Անդրեա Օրսելը։
Օրսելը նշել է, որ միավորված բանկը կարող է ավելի ուժեղ դիրք գրավել շուկայում, սակայն Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության սրումը կարող է ազդել բանկի տնտեսական կանխատեսումների վրա։
Աշխարհաքաղաքական ռիսկերը UniCredit-ը նշել է նաև անցյալ տարվա չորրորդ եռամսյակի աշխատանքի արդյունքների մասին հաշվետվություններում։ Հիմնական սպառնալիքը, ըստ բանկի, էներգետիկ շուկայում տիրող իրավիճակն է և ֆինանսական հատվածում լարվածությունը։
Այն փաստը, որ UniCredit-ը դիտարկում է «Открытие»-ի գնումը շահութաբերությունը բարձրացնելու նպատակով, լրատվամիջոցներում հաղորդվել էր հունվարի սկզբին: Վերլուծաբանները նախազգուշացրել են ներդրողների համար աշխարհաքաղաքական ռիսկերի և ԱՄՆ պատժամիջոցների ռիսկի մասին: Ավելի ուշ Եվրոպական կենտրոնական բանկը նախազգուշացրել է Ռուսաստանում գործող բանկերին հնարավոր պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա: