Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, թե իր որոշումն է, որ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է: Նրա ձևակերպմամբ, իբր ոչ Պապիկյանը, ոչ Ավինյանը չեն գնացել բուհերը ՔՊ-ացնելու, այլ գնացել են պաշտպանելու կուսակցականացումից, խմբային, կոռուպցիոն և ենթակոռուպցիոն երևույթներից:
Այս պնդումը, անշուշտ, զվարճալի կլիներ, եթե այդքան ցինիկ չլիներ: Գուցե համեմատությունը կոպիտ է, բայց դա նման է նրան, որ գայլը կարգվի հովիվ, կամ աղվեսը հսկի հավաբունը: Չնայած, ի տարբերություն Պապիկյանի ու Ավինյանի, Փաշինյանը փայլուն հովիվ է, սակայն ՔՊ-ական աղանդի, որին «անդամակցող» ինտելեկտուալների էտալոնը Արփի Դավոյանը, Լուլուն կամ վերբալ մարմնավաճառության փորձագետ Վահագն Ալեքսանյանն է:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Ալեքսանյանը ևս վերջերս իր հերթին հայտարարել է, որ ՔՊ-ականները և մասնավորապես Փաշինյանը չեն միջամտում բուհերի ինքնավարությանը և ներքին «խոհանոցին»: Ճիշտ է ասում՝ Փաշինյանն իրենց Իլյիչն է, իսկ Իլյիչը սիրում էր երեխաներին՝ տվյալ դեպքում չափահասությունը հաղթահարելուց անմիջապես հետո պատգամավոր ու պաշտոնյա դարձած փոքրիկ ՔՊ-ականներին, որոնց կենսագրությունը մեկ-երկու նախադասություն կլինի, եթե անուն, ազգանունն ու ծննդյան թիվը հանես:
Մի բան հստակ է՝ «թավշյա» իշխանությունն իր ծուռտիկ մուրճով ավերում է բուհական համակարգը, ինչպես թշնամին բուլդոզերով՝ Շուշիի Կանաչ ժամը, աղավաղում է ակադեմիական արժեքները, ինչպես թշնամին՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Իրենք չեն կարող հանդուրժել որակյալ կրթությունն ու բոլոր նրանց, ովքեր միջակություն ու մանկուրտ չեն: Մեր նորագույն պատմության մեջ միակ գորշն ու դժգույնն իրենք են:
Արեգ Արևյան