Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին պայմաններ է սահմանել Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման համար։ Ինչպես հայտնում է ՌԴ գերատեսչության կայքը, արգելքը ժամանակավոր է։
«Բազմիցս նշել է դրա չեղարկման պայմանները։ Դրանք քաջ հայտնի են վրացական կողմին։ Խոսքը Վրաստանում իրավիճակի կայունացման, ռուսաֆոբ արշավի դադարեցման և մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգների վերացման մասին է։ Չենք կարող անտեսել նաև սանիտարահամաճարակային իրավիճակը։ Ռուսաստանը հարկադրված էր ընդունել վերոնշյալ սահմանափակումները՝ ի պատասխան վրացի արմատականների հայտնի սադրանքի», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսական գերատեսչությունը մատնանշում է նաեւ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։
«Մենք հավատարիմ ենք մնում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման, առկա տարաձայնությունների հաղթահարման, երկկողմ կապերի վերականգնման և զարգացման նպատակներին. այս ամենը բխում է մեր երկու երկրների ժողովուրդների շահերից։ Սակայն նման գործընթացը պետք է լինի երկկողմանի: Մենք մեծ հույս ունենք, որ Վրաստանի իշխանությունները դասեր կքաղեն անցյալից և ավելի հավասարակշռված քաղաքականություն կվարեն Ռուսաստանի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։