ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքմենստանի վարչապետի հանդիպման, Ղազախստանում լարված իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի՝ որպես ՀԱՊԿ նախագահ խաղաղապահներ ուղարկելու, և Ղազախստանում հետագա իրավիճակի վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։
-ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջունել է հարևան Թուրքմենստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդյալնումը։ Իրանի առաջնորդը Թեհրանում հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետի հետ։ Ո՞րն է եղել հանդիպման նպատակը։
-Նպատակը երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է։ Հատկապես վերջին շրջանում՝ Իրանի և Թուրքմենստանի միջև բանակցություններ են ընթանում գազի գնորդային նշանակման համար, և այս ուղղությամբ, այո՛, գործնական քայլեր են կատարվել։ Թուրքմենստանը գազ է գնում այդ երկրից, և հիմնական հանդիպման թեման դրա վերաբերյալ է եղել։
-Փորձ է արվում ղազախ բնակչությանը տրամադրել տեղի հայ համայնքի դեմ՝ օգտագործելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել ՀԱՊԿ զորախումբ ուղարկելու որոշումը , օրեր շարունակ ինտերնետն անջատված էր Ղազախստանում, ու ասվում է, որ ադրբեջանական քարոզչությունը որևէ կերպ չի ազդում ղազախ ժողովրդի վրա, բայց իրավիճակը, կարծես, փոխվում է։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հայ համայնքի համար, և ինչպե՞ս պետք է հակազդել ադրբեջանական այս քարոզչությանը։
-Ակնհայտ է, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակում փորձում է ղազախ ժողովրդին հանել տեղի հայ համայնքի դեմ, սա կանխատեսել էին նաև շատ փորձագետներ՝ դեռևս Ղազախստան խաղաղապահներ ուղարկելուց առաջ զգուշացնում էին, և ակնհայտ էր, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները գործողություններ են կատարելու։ Մեր արձագանքը պետք է լինի երկու ուղղությամբ. մեկը՝ քարոզչական, քանի որ ՀՀ-ն պետք է ցույց տա, որ ոչ թե ղազախ ժողովրդի քաղաքացիական ազատությունը կամ բողոքի ցույցերը կանխելու համար է այնտեղ, այլ ռազմավարական օբյեկտների պահպանությամբ պետք է զբաղվենք, ինչպես նաև իրավիճակի կայունացման համար, ու չպետք է ներգրավվենք բողոքի ցույցերին։ Եթե ներգրավվենք, ապա ղազախ ժողովուրդը մեզ երկար ժամանակ չի ների այդ ամենի համար, ու կառաջանան հակահայկական տրամադրություններ։ Այնպես որ, իսկապես երկու ճանապարհ ունենք հակազդելու համար ադրբեջանական հատուկ ծառայությունների դեմ։ Ու նաև ՀՀ մնացած խաղաղապահները չպետք է զբաղվեն բողոքի ցույցերի ճնշմամբ՝ անկախ նրանից՝ նրանք ահաբեկիչներ են, թե սովորական քաղաքացիներ։
-Նիկոլ Փաշինյանն ինքնուրո՞ւյն է ուղարկել զորախումբը, թե՞ որոշակի ուղղորդումների հետևանք է։
-Պարզ է, որ ՀՀ-ն որևէ շահ չունի այս ամենում, և դա ակնհայտ երևում է։ Ուղղորդվել է ՌԴ-ից, Մոսկվայից, և Պուտինն այսօր առաջնորդների գագաթնաժողովին բավականին կոշտ որակավորումներ տվեց՝ նշեց, որ որևէ կերպ թույլ չի տա, որ ՌԴ ազդեցության գոտում գտնվող երկրներում տեղի ունենան հեղափոխություններ, քանի որ դրանք անմիջապես ՌԴ սահմանին տեղի ունեցող գործողություններ են, և, բնականաբար, ՌԴ-ն ձեռքերը ծալած չէր նստելու, ու ակնհայտ է, որ ՌԴ կողմից են ՀՀ-ին եղել ճնշումներ զորք ուղարկելու համար։ Ղազախստանն էլ, իր հերթին, միշտ պրոադրբեջանական քաղաքականություն է վարել ու չի կատարել ՀԱՊԿ-ի իր պարտավորությունները, քանի որ, օրինակ, անցյալ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զորամիավորումները հայտնվել են Սև լճի տարածքում, իսկ ՀԱՊԿ-ն ամեն կերպ որևէ բան չձեռնարկեց ՀՀ-ի համար։
-Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս եք գնահատում, այսինքն՝ դա հասարակության ընդվզո՞ւմ է։
-Կարծում եմ՝ ավելի խորքային են պատճառները, սկզբում կային սոցիալական դժգոհություններ ու բողոքներ, բայց որոշակի խմբեր, ուժեր՝ օգտվելով արտերկրի հատուկ ծառայությունների օգնությունից, օգտվեցին այս խուճապից և փորձեցին Ղազախստանում բռնությամբ իշխանություն գրավել։ Դա ակնհայտ է, որովհետև հեղուկացված գազի գինը, երբ բարձրացվել էր, և բողոքի ցույցեր եղան, հաջորդ օրը նույնիսկ կառավարությունը փոխեց որոշումը և վերականգնեց նախկին գները, բայց չնայած դրան, բողոքի ցույցերը չմարեցին, այլ ավելի զարգացան, և մենք տեսնում ենք, որ կան նաև բռնության տարրեր, իրավապահ համակարգի ներկայացուցիչների են գլխատում, ցուցարարներն ունեն զենքի մեծ պաշար, և այս ամենը ցույց է տալիս, որ սա բավականին լավ կազմակերպված հեղափոխության փորձ էր և ակնհայտ է, որ սովորական քաղաքացիները չէին կարող այդպես պատրաստվել։ Սա արտերկրի՝ որոշ ուժերի հատուկ ծառայությունների գործն է։
Քնարիկ Պետրոսյան