Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսության հարցում։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անկասկած կնպաստեր տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ Այս տեսանկյունից ողջունում ենք երկխոսություն սկսելու տրամադրվածությունը, որը վերջին շրջանում դրսևորում են Անկարան ու Երևանը։ Գոհունակությամբ ենք նշում կարգավորման բարդ հարցի քննարկման համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը», - ասել է Ռուդենկոն։
Նրա խոսքով՝ Մոսկվայում պատրաստ են ցանկացած ձևով միջնորդական աջակցություն ցուցաբերել:
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ռուսական կողմը կարևոր է համարում նախապայմանների առաջադրումից հրաժարվելը, փոխադարձ ընդունելի թեմաների և փոխադարձ քայլերի վրա կենտրոնանալը, որոնք կնպաստեն վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը: