Պատերազմի որոշ մասունքներ մարմնումս կրելու եմ ողջ կյանքի ընթացքում. Ժորա Թերզյան
copy image url

Պատերազմի որոշ մասունքներ մարմնումս կրելու եմ ողջ կյանքի ընթացքում. Ժորա Թերզյան

Խոսք 3 տարի առաջ - 19:50 24-12-2021

Պատերազմը սկսվում է ավելի շուտ, քան առաջին արկի պայթյունը, և ավարտվում է ավելի ուշ, քան դրա պաշտոնական դադարը. դա նկարագրվում է մարտնչող զինվորի հերոսական պատմությամբ ու իր փրկված կյանքի ամեն մանրամասներում։

18-ամյա Ժորա Թերզյանը ժամկետային զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը.

«Ահավոր շատ եմ սպասել բանակ գնալուն, ճիշտ է, երբ պատերազմը սկսվեց, մենք երկու ամսվա ծառայող էինք ու չէինք հասցրել շատ բաներ սովորել, սակայն կարողացանք շատ բաներ անել, ու մեր առջև դրված առաջադրանքները նորմալ կատարել», - այսպես սկսեց իր պատմությունը Բժշկական համալսարանի ուսանող Ժորան, որը պատերազմի օրերին ստացել է բեկորային վիրավորումներ ու զրահաբաճկոնի շնորհիվ ողջ է մնացել։

Արկերը երբ պայթել են, և որոշ չափով Ժորայի ինքնազգացողությունը վատացել է, այդ վիճակում դժվարությամբ քայլելով՝ այնտեղ գտնվող վիրավորներին, որոնց վիճակը շատ ավելի վատ էր, քան իր վիճակը, օգնել է ու շատ վիրավորների տեղափոխել առաջին օգնություն ցույց տվող մարդկանց մոտ։

«Քայլելու ընթացքում արյունահոսությունը շատ-շատ էր, ես լավ չէի զգում, որից հետո ինքնազգացողությունս վատացավ, ու ես ընկա», - դժվարությամբ պատմում է Ժորան։

Ժորան պատմում է, որ կատարվել են վիրահատություններ, ինչ-որ չափով հանել են ոտքից բեկորները, վիրակապությունները կատարել էին ու տեղափոխել Երևան, որից հետո էլ Ճարտար, այնուհետև Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։

«Ճիշտ է, բժիշկներն ասում էին՝ ամեն ինչ լավ կլինի, բայց ես գիտակցում էի վերքերի ու բեկորների քանակը, շատ ահավոր էր»,- ասում է նա։

Մտերիմները պատմեցին, որ Ժորան բախտավոր աստղի տակ է ծնվել, ու եթե զրահաբաճկոնը չլիներ, ապա հնարավոր չէր լինի փրկել նրա կյանքը։

Մայրն ասում է, որ պատերազմի որոշ մասունքներ Ժորան կրելու է ողջ կյանքի ընթացքում, ու կան կետային բեկորներ, որոնք չեն հեռացվելու, մնալու են հիշատակ, իսկ քայլել, կարելի է ասել՝ վիրավորումից հետո կրկին սովորել է զրոյից։

«Առողջական վիճակս գնալով լավանում է, բայց հոգեբանական վիճակս... ամեն անգամ դա հիշելիս, զոհված զինակից ընկերներիս հիշելիս, չգիտեմ, տանջվում եմ։ Գիտակցում եմ, որ կյանքը շարունակվում է, ու հիմա ոչ թե պետք է ապրեմ միայն ինձ համար, այլև զինակից ընկերներիս հիշատակի, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեզ, հանուն մեր հայրենիքի»։

Ժորան ասում է, որ շատ կուզի ապաքինվել ու շարունակի ծառայությունը, իսկ դրանից հետո կգա խաղաղությունը և հզոր երկիր կառուցելու ժամանակը։

«Խաղաղ երկիր ունենալու առաջնային գրավականն այն է, որ պետք է ունենանք մարտունակ և հզոր բանակ, ու ճիշտ է՝ այս պատերազմի ընթացքում մենք կորցրինք շատ զինվորներ, բայց մենք պետք է նորից շարունակենք կյանքը և ունենանք առաջվա պես էլի մարտունակ բանակ, որպեսզի խաղաղությունն էլի հետ գա»,- հույսով եզրափակեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի