Գերմանիայի Բրանդենբուրգի դաշնային հողի Բաից փոքրիկ գյուղում նշանակալի հնագիտական գտածո են հայտնաբերել։ Երկրի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար Մանյա Շյուլեն դա իսկական «սենսացիա» է անվանել։ «Կելտական այս 41 մետաղադրամները տեղեկատվության անսպառ աղբյուր են և մեր անցյալն ավելի լավ ճանաչելու հնարավորություն»,- ասել է գերմանացի քաղաքական գործիչը։
Անտիկ մետաղադրամների մասնագետ Մարյանկո Պիլեկիչը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մետաղադրամները գտնվել են Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում՝ կելտերի բնակության վայրից շատ հեռու։ Ուստի, նոր գտածոն գիտնականների առաջ բարդ խնդիր է դնում. բացատրել, թե ինչպես են մետաղադրամները հայտնվել այդ տարածաշրջանում: Տասնմեկ մետաղադրամ գտել է Վոլֆգանգ Հերկտը, որը հնագիտական վայրերին հետևում է հասարակական հիմունքներով: Նա հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ տարածաշրջանի պատմության ուսումնասիրության մեջ։
Հնագետների կողմից իրականացված հետագա պեղումները հնարավորություն են տվել հայտնաբերել ևս 30 մետաղադրամ, ինչպես նաև յաստորֆյան մշակույթին պատկանող բնակավայրի հետքեր։ Գտնված մետաղադրամների տարիքը գնահատվում է ավելի քան երկու հազարամյակ։ Դրանք պատրաստված են ոսկուց, որին փոքր քանակությամբ արծաթ և պղինձ է խառնված: