Իշխանությունն իրեն պատասխանատու չի համարում գերիների նկատմամբ
copy image url

Իշխանությունն իրեն պատասխանատու չի համարում գերիների նկատմամբ

Խոսք 3 տարի առաջ - 18:36 13-12-2021

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Գերիներից մեկն արդեն կալանավորվել է, իսկ մյուսը, որը մայոր է, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ գերիների նկատմամբ այս վերաբերմունքը, և ո՞րն է դրա դրդապատճառը, Oragir.news-ը զրուցել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի և իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Դավիթ Ջամալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իշխանությունների հայտարարությունները համարում է ուղղորդում իրավապահ մարմիններին, որ գերիներին անպայման կալանավորեն կամ քրեական գործ հարուցեն, օրինակ բերելով այն հանգամանքը, որ երբ վարչապետը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե գերիներին պետք է դատել, ուղղակի ուղղորդում է իրավապահ մարմիններին։ Ըստ Դ. Ջամալյանի՝ սա պաշտոնի չարաշահում է, ու իրենց հայտարարություններից հետո այս հետևողականությունը անմարդկային վերաբերմունք է։

«Չգիտեմ՝ ինչ ասել է ծանր հետևանքներ են առաջացրել, կարծում եմ՝ պաշտոնատար անձանց գործողությունները պատերազմի հետ կապված, շատ ավելի ծանր հետևանքներ են առաջացրել, քան այդ գերիների։ Բացասական վերաբերմունք ունեմ կատարվողի առնչությամբ։ Նոր վերադարձած գերիներին մեղադրանք առաջադրելն անընդունելի է, այդ մարդիկ հոգեբանական ծանր վիճակում են եղել ու դեռ վերականգնողական փուլ էլ չեն անցել հայրենիք վերադառնալուց հետո, իսկ այդ ամենից դեռ ուշքի չեկած՝ փորձում են կալանավորել նրանց։ Ես ողջունում եմ այն դատավորին, որը գերիներից մեկին չի կալանավորել, որովհետև միայն օրենքները չեն այս հարցում, պետք է նաև մարդկային մոտեցում ունենալ ու հասկանալ՝ այդ մարդու հոգեվիճակն ինչպիսին է, որ մի հատ էլ նրան կալանքի ենթարկեն»։

Ռազմական հոգեբանը խորհուրդ է տալիս վարչապետին հետևողական լինել խաղաղ պայմաններում արձանագրված մահերի դեպքերով, որոնք կոծկվում ու ներկայացվում են որպես ինքնասպանություններ։ Ինչպես նաև բանակում սպանությունների բացահայտման ուղղությամբ հետևողական լինել ու բանակը կարգի հրավիրել և ոչ թե գերիներին հետապնդել։ Իրենց ամբողջ թիմով հետապնդում են գերիներին, ինչը հոգեբանը համարում է վերադարձի խոշտանգման պրոցես՝ Ադրբեջանից մինչև Հայաստան։ Կարելի է ասել, որ այս ամենն առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու միջոց է։ Պատերազմում շատ հանցագործություններ են տեղի ունեցել, հարուցվել են քրեական գործեր, բայց բարձրաստիճան զինվորականները պատասխանատվության չեն ենթարկվում, փոխարենը սևեռվել են ոչ միայն գերիների, այլ նաև ժամկետային զինծառայողների ու նրանց խեղճ ու կրակ ընտանիքներին ճնշելու ու հալածելու վրա։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար անհասկանալի է, այդ հարցը ինքն էլ է տալիս, թե գերիներին հետապնդելու նպատակը ո՞րն է, երևի առաջիկայում ինչ-որ բացահայտումներ կլինեն, և սա միայն գերիների խնդիրը չէ, այս կերպ իշխանությունը ճնշում է նաև գերիների ընտանիքներին։

«Ես հորդորում եմ դատարաններին, որ կալանավորման որոշում չկայացնեն, թող քննություն իրականացնեն, տեսնենք՝ ինչն ինչպես է։ Այս անմարդկային մոտեցումը կարող է ազդել բանակ զորակոչվող մեր տղաների վրա, որոնք առանց այն էլ հրաշալի պայմաններում չեն ծառայում, որը նրանց կոգևորի բանակ զորակոչվել։ Վարչապետը երբ ելակ էր մատուցում զինվորներին, թող չկարծի, թե ինքը կատարյալ պայմաններ է ստեղծել, ամենադժոխային պայմաններով են անցել մեր զինծառայողները՝ առանց խրամատի, հագուստի և այլնի։ Սա անընդունելի, անմարդկային վերաբերմունք է այդ տղաների նկատմամբ, որոնք, չգիտենք՝ ինչ խոշտանգումների միջով են անցել Ադրբեջանում, հիմա էլ կալանավորվում են։ Իսկ այս ամենի նպատակը կարող է բացատրել վարչապետը, որովհետև սա նրա հայտարարությունների հետևանքն է ու նաև Ազգային ժողովի նախագահի, չգիտեմ էլ՝ ծառայել է բանակում, թե ոչ, բայց կարծես մտածում է, որ ստեղծված է ցոփ ու շվայտ կյանքի համար, որ ասում էր, թե գերիներն իր համար գոյություն չունեն»։

Իրավապաշտպանի կարծիքով, ԱԺ նախագահը գոյություն չունի Հայաստանի բնակչության կեսից ավելիի համար։ Սրանով նրանք ցանկանում են լռեցնել նաև մյուս գերիների ընտանիքներին, նրանք ցանկություն չունեն բողոքի ձայն լսելու, դա իրենց խանգարում է ապրել։ Իշխանությունը պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, բայց տեսնում ենք, որ չկա այդ պատասխանատվությունը, այն իսպառ բացակայում է։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ