«Մատենան» և «SKOLKOVO-Moscow School of Management»-ը դեկտեմբերի 6-ին պաշտոնապես դարձան գործընկերներ։ «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի ռեկտոր Յու․ Լևինը և «Մատենա» միջազգային դպրոցի տնօրեն Ռ․ Հայրապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ պաշտոնապես ամրապնդելով ամիսներ առաջ մեկնարկած գործընկերությունը՝ պայմանավորվելով իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, վերապատրաստումներ և հետազոտություններ։
Թե ի՞նչ կրթական ծրագրի մասին է խոսքը, Oragir.news-ին առավել մանրամասն ներկայացրեց «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։ Ըստ մեր զրուցակցի, նոր, բացառիկ գործընկերային նախագիծ է մեկնարկում՝ «Մատենա» առաջնորդության և մասնագիտության զարգացման դպրոցը, որը ամբողջապես նոր որակի կրթական զարգացում է մատուցելու։
«Արդեն հավաքագրել ենք թե՛ տեղական, թե՛ համաշխարհային փորձագետների մեծ բազա և փորձելու ենք համադրել նրանց փորձը։ Արդեն սկսել ենք նաև համագործացությունը տարբեր միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ»։
Այս ամբողջ գործընթացում առաջին գործընկերը, որի հետ պաշտոնապես սկսել են իրենց համագործակցությունը, Սկոլկովո կառավարման մոսկովյան դպրոցն է։ Եվ դեկտեմբերի 6-ին Երևանում նրանց հետ կնքվեց համագործակցության հուշագիր։ Սկոլկովոն իրենց առաջին միջազգային գործընկերն է, բայց ոչ միակը, որովհետև, առաջիկայում պաշտոնապես կհաստատեն իրենց գործընկերային հարաբերությունները նաև միջազգային այլ հեղինակավոր կառույցների հետ։
«Մենք այս պահին արդեն համալրել ենք Հոգաբարձուների միջազգային խորհրդի և Միջազգային ակադեմիական խորհրդի կազմերը, որոնց մեջ են հանրահայտ և նշանավոր մարդիկ, ովքեր իրենց ոլորտներում մեծ ձեռքբերումներ և նվաճումներ ունեն»։
Այդ ընկերություններն են, մասնավորապես, «McKinsey» ընկերության՝ Բելգիայի և Լյուքսեմբուրգի գրասենյակի երկարամյա ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի խորհրդի նախագահ Պիեռ Գուրջյանը, «Picsart» ընկերության համահիմնադիր և տնօրեն Հովհաննես Ավոյանը, «Yandex» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, և այլ համաշխարհային նվաճումներ և ձեռքբերումներ ունեցող գործիչներ։ Նոր կրթական կենտրոնի առանցքային գործընկերներից մեկը «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցն է, որի հետ համատեղ արդեն մշակվել և մատուցվելու են «Մատենայի» մեկնարկային ծրագրերը՝ միջին և բարձր օղակների ղեկավարների, ինչպես նաև ձեռնարկատերերի համար:
«Մեր առաքելության խորքային հիմքում ընկած է գերազանցությունը տարածելու գաղափարը, որը արտահայտվել է հետագայում մեր կարգախոսով։ Մեր նպատակը այն է, որ մենք չենք փորձում տարանջատել միջազգային պրոֆեսորներին և փորձագետներին։ ինչո՞ւ։ Որովհետև մեր նպատակը «Մատենայի» հարթակում լավագույններին կենտրոնացնելն է։ Եթե մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում կան որևէ ուղղությամբ կենտրոնացած փորձագետներ, որոնք իրենց լավագույն փորձով կկիսվեն մեր մասնակիցների հետ, ապա նրանց տալիս ենք հնարավորություն այդ համագործակցության համար։ Իսկ ՀՀ-ում այժմ ունենք մասնագետների խնդիր, փորձագետների պակաս, այդ պատճառով էլ հրավիրում ենք միջազգային մասնագետներին։ Սա է մեր տրամաբանությունը. մենք փորձում ենք գտնել իրականում քիչ քանակով լավագույն մասնագետների, և նրանց փորձը աստիճանաբար տարածել ՀՀ-ում, որպեսզի մեր երկրի համար կարողանանք իրական հանրային արդյունք ապահովել։ Որովհետև մինչև այժմ այս գործընթացը խիստ քաոսիկ բնույթ է կրել։ Լավ մասնագետներ եղել են, սակայն նրանք անհրաժեշտ քանակությամբ և որակի չեն եղել, որպեսզի կարողանանք ընդհանուր պետության զարգացման վրա իրական ազդեցություն ունենալ։ Մենք կարմիր գծով պահում ենք միջազգային և տեղական լավագույնի համադրության գաղափարը, և մենք կարողանալու ենք իրական արդյունք ապահովել։
Ուզում եմ նշել մի հանգամանք, որ «Մատենան» ոչ միայն փորձելու է բարձր կրթական ոլորտի արդյունք ապահովել, այլև նոր մշակույթ արմատավորել ՀՀ-ում, փոխել մասնագիտական կրթության որակը։ Մենք նաև այն համոզման ենք, որ անկախ դիպլոմից, փաստաթղթից կամ ձևաչափից՝ ժամանակակից մասնագետները պետք է մշտապես սովորեն ու կատարելագործվեն, որովհետև հակառակ պարագայում ոչ մրցունակ են դառնում և դուրս են մղվում շուկայից»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեր զրուցակիցը «Մատենայի» հետ կապված ևս մի հանգամանք նշեց՝ շեշտելով, որ իրենք ոչ միայն այդ փոփոխությունն են անելու, ու սովորեցնելու այն, ինչ պահանջված է, այլև փորձելու են սովորեցնել, թե ինչը պետք է պահանջված լինի, փորձելու են առաջարկ ստեղծել երկրի, պետության զարգացմանը՝ առավելապես կարևոր ուղղությունները զարգացնելու համար։ Այս պահին իրենք համարում են, որ ՀՀ տարբեր համակարգերում մասնագետ առաջնորդների պակաս կա, որոնք ոչ միայն մասնագետներ են, այլև պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել տվյալ համակարգը բարեփոխելու, իրական ռեֆորմներ անելու և համակարգը առաջ տանելու համար, որը վերջնական հաշվով պետք է ազդեցություն ունենա ընդհանուր տնտեսական համակարգի առաջընթացի վրա։
Քնարիկ Պետրոսյան