Ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը. ՀՀ ԱԳՆ
copy image url

Ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը. ՀՀ ԱԳՆ

Ներքին 3 տարի առաջ - 13:45 09-12-2021

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել:Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան:

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան հստակ արձանագրում է, որ «պատմության բոլոր փուլերում ցեղասպանությունները մեծ վնասներ են պատճառել մարդկությանը»՝ դրանով իսկ հաստատելով, որ ցեղասպանության հանցանքներ տեղի են ունեցել նաև կոնվենցիայի ընդունումից առաջ: Ցեղասպանության կոնվենցիայի մշակման համար կարևոր օրինակ է ծառայել Հայոց ցեղասպանությունը, ինչի վերաբերյալ հրապարակայնորեն հանդես է եկել կոնվենցիայի տեքստի հեղինակ Ռաֆայել Լեմկինը:

Վերոնշյալ կոնվենցիայի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթղթին միացած պետություններն իրավական պարտավորություն են ստանձնում ոչ միայն պատժելու, այլև կանխելու ցեղասպանությունները. հանգամանք, որը խիստ էական է ազգային, էթնիկ, կրոնական և ռասայական խմբերի համընդհանուր պաշտպանության համար:

Չնայած կատարված մեծ աշխատանքին, միջազգային հանրության կողմից դեռ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն ժամանակին և համարժեք արձագանքելու, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները դատապարտելու և ցեղասպան պետություններին պատասխանատվության ենթարկելու համար:

Այսօր տարբերվում են ցեղասպանություններ գործելու մեթոդներն ու ձևերը, սակայն ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը:

2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020 թվականին առաջադրված և կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևում հստակ նշվում է, որ ցեղասպանության արդարացումը, անցյալի հանցագործությունների կանխակալ գնահատումն ու ժխտումը մեծացնում են բռնության կրկնության վտանգը:

Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:

Դատապարտելի են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, քանի որ հենց մշակութային ժառանգությունն է հնարավորություն ստեղծում պահպանել ազգային կամ կրոնական ինքնությունը:

Անթույլատրելի են ազգային, էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի նկատմամբ գերակայության դրսևորումները կամ վերջիններիս նկատմամբ ուժի կիրառման արդարացումները:

Հայաստանի Հանրապետությունը հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին»

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում